Կրթության տեսչական մարմնի ղեկավարը և քաղհասարակության ներկայացուցիչները քննարկեցին ոլորտային խնդիրները

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հունիսի 29-ին, քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորների 27 մասնակից աշխատանքային հանդիպում են ունեցել  ՀՀ  կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի հետ։

Ալեքսանդր Շագաֆյանը նշեց, որ ամիսներ առաջ ինքն էլ քաղհասարակության ներկայացուցիչ էր,  բավականին լավ գիտի կրթական ոլորտում աշխատող ՀԿ-ների մտահոգությունները։ Նա նաև ներկայացրեց տեսչական մարմնի գործառույթները, լիազորությունները, ինչպեսև ընթացիկ և առաջիկա անելիքները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ավագ դպրոցների կրթական ծրագրերի արդիականացմանը վերաբերող հարցեր, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված ծրագրերը, նախադպրոցական կրթության ոլորտում առկա խնդիրների, ինչպես նաև ավագ դպրոցներում աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված ծրագրերի անհրաժեշտության մասին։

Կողմերը քննարկեցին նաև համայքներում բազմահամակարգ կրթության դրական և բացասական կողմերը, երբ շատ համայնքներում դպրոցն ունի քիչ աշակերտներ և մեկ դասարանում սովորում են 2-րդ, 5-րդ, որոշ դեպքերում նաև երրորդ տարիքային խմբի աշակերտներ։

Այս մասին կրթության տեսչական մարմնի ղեկավարն ասաց․ «Սա պետք է ընկալել մեր երկրի առանձնահատկություններից ելնելով, այլապես այդպես չէին անի բոլորն իրենց տարիքային խմբերով կգնային ու իրենց համապատասխան ծրագիրը կյուրացնեին։ Այն, որ բազմահամակարգ է կրթությունը, արդեն կարող ենք մտածել, որ կունենանք կրթության որակի խնդիր։ Եթե առաջին դասարանցին նստած է չորրոդ դասարանցու հետ և այդ ուսուցիչը ստիպված է երկու ծրագրով աշխատել,  սա ուղղակի իրավիճակային լուծում է»,- նշեց Ալեքսանդր Շագաֆյանը։

Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին այլ ձևաչափերով ևս կառուցողական համագործակցություն ունենալ կրթության խնդիրներով զբաղվող ՔՀԿ-ների հետ։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել