4 դեկան, 31 ամբիոնի վարիչ, նոր պրոֆեսորներ, դեցենտներ. ԵՊՀ-ում թեժ քննարկումներ են եղել

Հունիսի 28-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ութ օրակարգային և մի քանի ընթացիկ հարցեր:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայքից:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը` ռեկտորն անդրադարձավ որոշ խնդիրների: Մասնավորապես` նա համալսարանականներին հորդորեց ակտիվ լինել ներհամալսարանական «Ինտրանետ» համակարգում, ինչպես նաև լուրջ ուշադրություն դարձնել ներքին իրազեկվածության խնդրին:

Ա. Սիմոնյան նշեց նաև, որ առաջիկայում նախատեսվում է համալսարանի բակում տեղադրել 60-70-ական թվականների մտավորականության խորհրդանիշ համարվող, գրականագետ, դերասան Լևոն Ներսիսյանի արձանը: Արձանի տեղադրման համար առաջարկվեց դրամահավաք կազմակերպել: Այնուհետև նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԱՄՆ-ում իր մահկանացուն կնքած համալսարանական դասախոս, կենս. գիտ. դոկտոր, ակադեմիկոս Միսակ Դավթյանի հիշատակը:

Օրակարգային առաջին, երկրորդ և երրորդ հարցերի շրջանակում  պրոֆեսորի, դոցենտի գիտական կոչումի շնորհման, ամբիոնի վարիչի, պրոֆեսորադասախոսական համակազմի պաշտոնների, ինչպես նաև մի շարք ֆակուլտետների դեկանների ընտրության  վերաբերյալ ֆակուլտետային գիտական խորհուրդների ընդունած որոշումները գիտխորհրդի անդամների հաստատմանը ներկայացրեցին գիտական խորհրդի մրցութային հանձնաժողովների նախագահներ, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանը և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:

Նշված հարցերի վերաբերյալ փաստաթղթերը փակ քվեարկության արդյունքում հավանության արժանացան գիտխորհրդի անդամների կողմից:

Չորրորդ հարցը վերաբերում էր մագիստրատուրայի կրթական ծրագրերի հաստատմանը, որի մասին զեկուցեց ԵՊՀ գիտխորհրդի որակի ապահովման մշտական հանձնաժողովի նախագահ, Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը: Վերջինս ներկայացրեց մի քանի ֆակուլտետներում մշակված նոր մագիստրոսական ծրագրերը, որոնք հավանության արժանացան գիտխորհրդի անդամների կողմից:

ԵՊՀ աշխատողների աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգում փոփոխությունների և լրացումներ կատարելու մասին զեկուցեց Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, որից հետո պատասխանեց գործընկերների հարցերին:

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանն էլ ներկայացրեց 2017-2018 ուստարվա ԵՊՀ առկա ուսուցման համակարգի ընդունելության մասին հաղորդում:

«Կենտրոնացված ընդունելության համակարգում գրանցվել է 4.620 դիմորդ, որոնց 32.88 տոկոսը՝ 1.519-ը, դիմել են ԵՊՀ: Մյուս բուհերի հետ համեմատած՝ սա բավականին բարձր ցուցանիշ է: Հայտերի ընդունման երկրոդ փուլն արդեն մեկնարկել է, և առաջիկայում կունենանք առավել հստակ տվյալներ: ԵՊՀ երկու ֆակուլտետներում՝ Իրավագիտություն ու Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, ընդունելությունը կիրականացվի մրցույթային կարգով: Որոշ մասնագիտությունների գծով բավականին ծանր է պատկերը, ֆակուլտետներ էլ կան, որտեղ դիմորդների թիվը 10-ից պակաս է»,- փաստեց Ա. Գրիգորյանը և որոշ տվյալներ ներկայացրեց մագիստրատուրայի ընդունելության վերաբերյալ, ինչպես նաև պատասխանեց մի շարք հարցերի:

Ա. Սիմոնյանը նշեց, որ վիճակն իսկապես մտահոգիչ է, քանի որ կան մասնագիտություններ, որոնք երբևէ դիմորդի պակաս չեն ունեցել, սակայն  ներկայումս հայտնվել են ծանր վիճակում. «Ֆինանսական կորուստներ են արձանագրվում շատ ֆակուլտետներում: Դրանց պատճառներից մեկն էլ բուհի շուրջ, ինչպես նաև կառույցի ներսում առկա խժդժություններն են: Պետք է նշել նաև, որ նոր աշխատաշուկան պահանջում է որոշ հմտություններ ունեցող կադրերի, ուստի պետք է ֆակուլտետներում և գիտական կենտրոններում յուրահատուկ հարթակ ստեղծվի, որտեղ դասախոսների և ուսանողների համատեղ աշխատանքի արդյունքում ձեռք կբերվեն շուկայի պահանջներին համապատասխանող պրակտիկ գիտելիքներ ու հմտություններ»:

Ելույթի իրավունք ստացան քիչ դիմորդներ ունեցող ֆակուլտետների դեկանները, ովքեր ոչ միայն իրենց մտահոգությունները հայտնեցին հարցի շուրջ, այլև հանդես եկան մի շարք ծրագրային առաջարկություններով:

ԵՊՀ գրադարանի զարգացման հայեցակարգի  հաստատման հարցը գործընկերներին ներկայացրեց գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը, ով որոշ պարզաբանումներ արեց նոր հայեցակարգի և փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ:

«Այո՛, համալսարանական գրադարանում խնդիրներ կան: Ուսանողները դժգոհում են գրադարանի աշխատակիցների վերաբերմունքից, որի համար էլ իմ հրամանով ստեղծվել է ստորաբաժանման աշխատանքները ստուգող և վերահսկող հանձնաժողով»,- ընդգծեց ռեկտորը:

Եզնիկ Միրզոյանը շեշտեց, որ խնդիրը միայն աշխատակիցների շրջանում չէ, ուսանողների հետ նույնպես պետք է որոշակի աշխատանք տարվի:

Գիտխորհրդի անդամները որոշեցին վերոնշյալ հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների ամփոփումից հետո միայն քննարկել գրադարանի նոր հայեցակարգի հարցը:

«ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն կառուցվածքային ստորաբաժանումը» լուծարելու և «ԵՊՀ հանրային կապերի ծառայություն կառուցվածքային ստորաբաժանում» ստեղծելու վերաբերյալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին առաջարկ ներկայացնելու մասին զեկուցեց վարչության պետ Գևորգ Էմին-Տերյանը:

«Ներկայումս վարչությունում առկա են խնդիրներ, որոնք դժվարացնում են ընթացիկ աշխատանքների պատշաճ իրականացմանը: Նախատեսվում է իրականացնել ԵՊՀ վարկանիշի բարձրացմանը, ինչպես նաև դիմորդների ներգրավմանն ուղղված նոր ծրագրերը, նախագծեր, որոնց կատարման համար անհրաժեշտ է վերակազմավորվել: Հիմնարար վերափոխման կարիք ունի ոչ միայն բուհի պաշտոնական կայքը, այլև թերթը: Պարբերաբար նախատեսվում է մամուլի ասուլիսներ կազմակերպել, որտեղ ԵՊՀ մասնագետները հանդես կգան ոչ միայն օրակարգային հարցերի վերլուծությամբ, այլև կստեղծեն նոր օրակարգ»,- իր ելույթում նշեց Գ. Էմին-Տերյանը:

Ռեկտորն անդրադառնալով ներկայացված խնդիրներին՝ ասաց, որ նշված փոփոխություններն արդիական են ու անհրաժեշտ:

Օրակարգային բոլոր հարցերն էլ գիտխորհրդի անդամների կողմից հավանության արժանացան:

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խ. Ներկարարյանն ընթացիկ հարցերի  շրջանակում  անդրադարձավ ֆակուլտետի և ԳԲՀ ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի անվանափոխման, ինչպես նաև Ալիքային պրոցեսների տեսության և Ֆիզիկայի ու բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնների վերակազմակերպման անհրաժեշտությանը՝ առաջարկելով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին ներկայացնել նշված առաջարկները:

Ֆակուլտետի դեկանն առաջարկեց Ռադիոֆիզիկայի ֆակուլտետն անվանափոխել Ռադիֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի, ինչը գիտխորհրդի որոշ անդամների մոտ վրդովմունք առաջացրեց:

Թեժ քննարկումների արդյունքում 1 դեմ, 2 ձեռնպահ քվեարկությամբ գիտխորհուրդը որոշեց, որ առաջարկը պետք է քննարկվի հատուկ հանձնաժողովի կողմից:

«Ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիայի և օգտակար հանածոների» և «Օգտակար հանածոների որոնման և հետախուզման» ամբիոնների միավորման եղանակով «Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների» ամբիոնի վերակազմակերպելու, «Քաղաքականության վերլուծության ԵՊՀ կենտրոն» հետազոտական կառուցվածքային ստորաբաժանում ստեղծելու, Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ Անահիտ Աբրահամյանի և ասիստենտ Արմենուհի Մարտիրոսյանի «English for future diplomats» վերնագրով աշխատանքը, ինչպես նաև Միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ Անահիտ Բալաբեկյանի «Միջուկային փոխազդեցություններ» աշխատությունը հրատարակության երաշխավորելու և դրանք որպես բուհական դասագրքեր հաստատելու հարցում ՀՀ ԿԳ նախարարությանը միջնորդելու վերաբերյալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին առաջարկ ներկայացնելու հարցերը հաստատվեցին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել