Ո՞ր դեպքերում դատարանը կվերադարձնի հայցադիմումը

 Առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե՝

1) գործն ընդդատյա չէ տվյալ առաջին ատյանի դատարանին.

2)հայցադիմումը ներկայացված է դատավարական գործունակությամբ չօժտված անձի կողմից, բացառությամբ  օրենսգրքով նախատեսված դեպքերի.

3)չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության  օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները.

4)չի ներկայացվել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումից ազատելու, դրա վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ դատարանն այն չի բավարարել.

5) հայցադիմումը ստորագրված չէ, կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.

6) հայցվորը չի պահպանել մինչև դատարան դիմելը կողմերի միջև առկա վեճի կարգավորման օրենքով կամ պայմանագրով նախատեսված արտադատական կարգը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գտնում է, որ վեճի կարգավորման արտադատական կարգ սահմանող պայմանագիրն առ ոչինչ է, ուժը կորցրել է կամ ակնհայտորեն չի կարող կատարվել.

7) այլ դատարանի կամ արբիտրաժի վարույթում առկա է նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործ.

8) ամուսինը կնոջ հղիության ժամանակ առանց կնոջ համաձայնության ամուսնալուծության հայցադիմում է ներկայացրել.

9) մեկ հայցադիմումում միացված են մեկ կամ մի քանի պատասխանողներին ուղղված միմյանց հետ չկապված պահանջներ.

10) հակընդդեմ հայցադիմումը չի համապատասխանում սույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին՝ այն է՝  հակընդդեմ հայցն առաջին ատյանի դատարանն ընդունում է վարույթ, եթե`1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը. 2) հակընդդեմ հայցի բավարարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառում է սկզբնական հայցի բավարարումը. 3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործի առավել արագ և արդյունավետ լուծումը,  կամ ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ

11) մինչև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը հայցվորը դիմել է այն վերադարձնելու պահանջով.

12) վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձը հայցադիմումը ներկայացրել է սահմանված պահանջների խախտմամբ:

Իրազեկման աղբյուր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության 127-րդ հոդվածի 1-ին մաս

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել