Ո՞ր դեպքերում է դադարեցվում փախստականի ՀՀ-ում տրամադրված ապաստանը

Անձի փախստականի կարգավիճակը դադարեցվում է, եթե նա`

1) կամավոր կրկին ընդունել է այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին էր,

2) կորցրած լինելով իր քաղաքացիությունը` կամավոր վերաստանձնել է այն,

3) ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության կամ որևէ այլ պետության քաղաքացիություն և օգտվում է այդ պետության պաշտպանությունից,

4) կամավոր վերահաստատվել է այն երկրում, որը լքել էր կամ որից մեկնել էր հետապնդման երկյուղի պատճառով,

5) այլևս չի կարող մերժել այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին է, որովհետև այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, դադարել են գոյություն ունենալ,

6) չունենալով քաղաքացիություն` ի վիճակի է վերադառնալ իր նախկին բնակության երկիրը, քանի որ այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, դադարել են գոյություն ունենալ,

7) անձնական պատճառներով այլևս չի ցանկանում համարվել փախստական:

Ընդ որում, վերը նշված 5-րդ և 6-րդ կետերը չեն կիրառվում այն փախստականների նկատմամբ, ովքեր կարող են ներկայացնել նախկին հետապնդումից բխող բավարար հիմնավորումներ իրենց քաղաքացիության երկրի պաշտպանությունը, իսկ քաղաքացիություն չունենալու դեպքում` իրենց նախկին բնակության երկիր վերադառնալը մերժելու վերաբերյալ:

Փախստականին Հայաստանի Հանրապետությունում տրամադրված ապաստանը դադարեցվում է, եթե նա հիմնավոր պատճառներով վտանգավոր է համարվում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար կամ դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար:

Իրազեկման աղբյուրը՝ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել