Առանց միմյանց հետ արդյունավետ աշխատանքի՝ արդյունք չենք ունենա․ Մանե Թանդիլյանը՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչներին

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր՝ հունիսի 26-ին ծրագրի ներկայացուցիչները  հանդիպել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց ծրագիրը՝ նշելով, որ ընտրված թիրախային 9 ոլորտներում (արդարադատություն, մարդու իրավունքներ, հանրային ֆինանսների կառավարում, բիզնես, կրթություն, սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսություն, տնտեսություն, էներգետիկա) քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներ են ստեղծվելու և/կամ ուժեղացվելու։ «ՔՀԿ-ների կոնսորցիումներին մրցութային հիմունքներով դրամաշնորհներ են տրամադրվել՝ իրենց ծրագիրն իրականացնելու համար։ Սոցիալական ոլորտում հաղթել է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, գործընկերներ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», Վայոց Ձորի զարգացման «Հույս-98», «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների հետ։ Ծրագրի շրջանակներում ստեղծվելու է Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբավող միջմարզային կոալիցիան, որը կարող է վստահելի գործընկեր դառնալ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար»,-ասաց Կարեն Զադոյանը։

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ ղեկավար Նաիրա Առաքելյանը նշեց, որ «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագրի նպատակն է  բարելավել Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների և համայնքահեն աջակցության կենտրոնների կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների որակը և արդյունավետությունը՝ մեծացնելով ՔՀԿ-ների ազդեցությունը այս ոլորտների հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում։

Նախարար Մանե Թանդիլյանը նշեց, թե ակնհայտ է, որ համագործակցություն պետք է իրականացվի նաև ՀՀ կրթության և առողջապահության նախարարությունների հետ։ Նրա խոսքով, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, առողջապահության նախարարությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների քառակողմ համագործակցությունը արդյունավետ կաշխատի այս խնդրի լուծման համար։ «Առանց միմյանց հետ արդյունավետ աշխատանքի՝ արդյունք չենք ունենա։ Եթե մենք այսօր չունենք այնպիսի արդյունք, որը կուզեինք տեսնել, դա այն պատճառով է, որ մինչ այժմ չենք ունեցել փոխադարձ արդյունավետ համագործակցություն։ Եթե քաղացիական հասարկությունը ևս հարթակ հանդիսանա մեր համագործակցության համար, ապա մեր աշխատանքը շատ օգտակար կլինի»,-ասաց Մանե Թանդիլյանը։

Հանդիպման ընթացքում Մանե Թանդիլյանը և Կարենը Զադոյանը պայմանավորվեցին նաև երկկողմ համագործակցության այլ հարցերի շուրջ:

Հիշեցնենք, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը՝ ղեկավար կազմակերպությունը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ հանդիսացող իր գործընկերների՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրըլ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել