Ի՞նչ պատժի կարժանանա Սարգիս Վարդանյանը՝ մեղադրական դատավճռի դեպքում

Երևանում հունվարի 8-ին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել Սարգիս Վարդանյանին:

2018թ. հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 համարանիշի և ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 համարանիշի ավտոմեքենաները, ինչից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ, ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա.Դավթյանը և ուղևոր, ոստիկանության լեյտենանտ Խ.Գասպարյանն ստացած մարմնական վնասվածքներից մահացել են։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ս.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

ՔՕ 244-րդ հոդվածը սահմանում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած վարորդի կողմից սույն օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հետևանքների առաջացման դեպքում` պատժվում է տուգանքով՝ 100-200 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել