«Բիգ Էներգո»-ի պատասխանատու անձանց կողմից հափշտակվել է շուրջ 20 միլիոն դրամ․ քրեական գործը վարույթ ընդունվեց

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ստացվել է «Բիգ Էներգո» ՍՊԸ-ի պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 30-ին «Բիգ Էներգո» ՍՊ և ՀՀ էներգետիկ և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունների միջև կնքվել է կապալային աշխատանքների կատարման վերաբերյալ պայմանագիր, որի հիման վրա ՍՊԸ-ին փոխանցվել է 94.700.000 ՀՀ դրամ, իսկ աշխատանքների կատարման նկատմամբ հսկողությունը հանձնարարվել է «ԲԷՑ» ՓԲ ընկերությանը:

Պարզվել է, որ «ԲԷՑ» ՓԲ ընկերությունը աշխատակիցները պատշաճ չեն իրականացրել իրենց հսկողական գործառույթները, և «Բիգ Էներգո» ՍՊԸ-ի աշխատակիցները կատարել են չիրականացված աշխատանքների ծավալների հավելագրումներ և կազմել աշխատանքներն ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ երեք կեղծ կատարողական ակտ, ինչի արդյունքում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ 20.000.000 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 2-րդ մասերով, որը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում և ընդունվել վարույթ:

Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել է քննչական պլան և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, կատարված չարաշահումներին մասնակցություն ունեցած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և նրա (նրանց) գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել