ՍԱՊԾ կողմից տարածած պաշտոնական հայտարարությունը պարունակում է ակ​նհայտ ապատեղեկատվություն․ Գրիգոր Գրիգորյան

«Օրեր առաջ հարցազրույց տվեցի med.news.am լրատվական կայքին՝ ՍԱՊԾ գործունեության բացերի և թերացումների, ինչպես նաև դրանց հետևանքով մեր երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հարցազրույցի նպատակն էր բարի խորհրդով հուշել ՍԱՊԾ-ին առկա խնդիրների լուծման ուղիները, սակայն որոշ ժամանակ անց համացանցում հայտնվեց ՍԱՊԾ կողմից տարածած պաշտոնական հայտարարությունը, որը պարունակում է անկ​նհայտ ապատեղեկատվություն»,-նշում է Բուսասանիտարական և  անասնաբուժասանիտարական անվտանգության  միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը։ Այս թեմաների շուրջ նա բաց նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին։ Ձեզ ենք ներկայացնում նամակն ամբողջությամբ։

«Հարգելի պարոն Վարչապետ,

Սույն թվականի հունիսի 10-ին օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ ինձ տրված սեփական կարծիքը արտահայտելու իրավունքից՝ տվել եմ հարցազրույց med.news.am կայքին, որում համակողմանի վերլուծելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետև՝ ՍԱՊԾ) գործունեությունը՝մատնանշել եմ այդ կառույցի  գործելաոճի մեջ առկա բացթողումները, թերացումները, ոլորտում տիրող իրավիճակի ակնհայտ քողարկումը, ինչպես նաև անդրադարձել եմ ոլորտային արդի մարտահրավերներին, այս ամենի արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիներին, ոլորտի զարգացման և կանոնակարգման ուղիներին:  Հարցազրույցիս մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

https://med.news.am/arm/news/18421/mijazgayin-pordzagety-hayastani-anansnabuzha-sanitarakan-olortum-arka-khndirneri-ev-martahraverneri-masin.html

Որպես պատասխան՝իրավիճակի գիտակցման և մատնանշված խնդիրների լուծումները տալու փոխարեն, ՍԱՊԾ տարածեց հայտարարություն, որում խեղաթյուրվել են իմ խոսքերը, բերվել են լղոզված և բարձրացված հարցերի հետ ուղղակիորեն առնչություն չունեցող արդարացումներ,որոնցով փորձ է արվել մոլորեցնել հանրությանը՝ կոծկելով ոլորտում ստեղծված իրական իրավիճակը: Այնինչ, նման գործելաոճը տեղ չունի նոր Հայաստանում: Չեմ կարծում, որ նման կարևորագույն առաքելություն ստանձնած հիմնարկը կարող է նման ոչ պրոֆեսիոնալ մակարդակով պատասխանել բարձրացված լրջագույն խնդիրներին: Բացի այն, որ հայտարարությունում բերված արդարացումները որևէ առարկայական պատասխան չեն տալիս բարձրացված հիմնախնդիրներին, նրանք նաև կասկածի տակ են դնում իմ մասնագիտական որակավորումը: Ցավով պետք է նշեմ, որ ՍԱՊԾ տեղեկատվական կենտրոնի կողմից տարածած հայտարարությունը ոչ միայն մոլորեցնում է ՀՀ հանրությանը և Կառավարությանը,այլ նաև ուղղակիորեն վնասում է այդ հիմնարկի վարկանիշին ինչպես մասնագիտական օղակներում, այնպես էլ հանրության շրջանում:

Ելնելով վերոհիշյալից՝, իմ պարտքն եմ համարում հիմնավորել իմ կողմից հարցազրույցի ընթացքում հնչեցրած գնահատականները լիազոր գերատեսչությունների՝ ՀՀ կառավարության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի համար: Կից ուղարկում եմ հավելված 1՝ նամակ-պարզաբանում և հավելված 2՝ իմ ինքնակենսագրականը:

Պատրաստ եմ համակողմանի քննարկումների և ստեղծված իրավիճակից լուծումներ առաջարկելուն:

Հարգանքներով՝ ՀՀ հպարտ քաղաքացի, Բուսասանիտարական և  անասնաբուժասանիտարական անվտանգության  միջազգային փորձագետ Գրիգոր Վլադիմիրի Գրիգորյան

 

15.06.2018

Հավելված 1.

Անդրադառնալով ՍԱՊԾ հայտարարությունում հնչեցված գնահատականներին՝ պետք է նշեմ, որ ես երբեք չեմ ասել, որ ՍԱՊԾ-ն չի արձագանքել հիվանդության կամ հիվանդության կասկածի որևէ դեպքի  ահազանգերին, այլ մատնանշել եմ դեպքեր, երբ արձագանքը եղել է ոչ համապատասխան  և ոչ լիարժեք կամ ոլորտի օրենսդրության խախտումներով: Դրա վառ ապացույցներից մեկն է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում  այս տարվա սկզբին ֆերմեր Մաթևոս Մարկոսյանին պատկանող խոզաբուծական տնտեսության գլխաքանակի վերացումը, որի արդյունքում խախտվել են ֆերմերի իրավունքները: Դեպքի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

https://www.youtube.com/watch?v=2jfOpgX35Wk

https://hetq.am/arm/news/89209/khozerin-veracrel-en-aranc-himnavorman-tavushum-ankumy-sharunakvum-e.html

Ինչ վերաբերում է հիվանդության պաշտոնական ախտորոշմանը, պետք է նշեմ, որ ռեֆերենս մեթոդով ախտորոշման արդյունքները անհրաժեշտ են կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը (այլ ոչ թե միջազգային, ինչպես նշվել է ՍԱՊԾ տարածած հայտարարության մեջ), Եվրասիական տնտեսական միության (այսուհետև՝ ԵԱՏՄ) անդամ երկրներին կամ այլ առևտրային գործընկեր երկրներին ծանուցում ուղարկելու նպատակով: Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ կարելի է ֆերմերի ամբողջ անասնագլխաքանակը վերացնել՝ առանց որևէ պաշտոնական հիմնավորում ներկայացնելու: Պետք է շեշտեմ, որ սա ինչպես ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի, այնպես էլ անասնաբուժասանիտարական ընթացակարգային գործողությունների հանդեպ ազգային և միջազգային պահանջների կոպիտ խախտում է: Ասեմ ավելին, ՍԱՊԾ նման գործելաոճը ուղղակի հարված է հասցնում մեր երկրում անասնաբուծության զարգացմանը, ինչպես նաև խաթարում բնակչության վստահությունը անասնաբույժ մասնագետների նկատմամբ:

Ինչ վերաբերում է մեր երկրի ստանձնած պարտավորություններին Կենդանիների համաշխարհային կազմակերպությանը (այսուհետև՝ՕIE) անդամակցության շրջանակներում, ապա պետք է նշեմ, որ վերջին հինգ տարվա ընթացքում այդ կազմակերպությանը ՀՀ լիազոր մարմնի կողմից ուղարկվել է ընդամենը 6 ծանուցում՝ հիվանդության բռնկման մասին, մասնավորապես` 2 ծանուցում` սիբիրախտի բռնկման վերաբերյալ` 2012և 2013թթ., մեկը՝ ԽԵԿ մաշկաբորբի բռնկման վերաբերյալ` 2016թ., մեկը՝ դաբաղի բռնկման վերաբերյալ` 2016թ, մեկը՝ տուբերկուլյոզի վերաբերյալ՝ 2018թ. սկզբին և մեկը կատաղության վերաբերյալ իմ հարցազրույցից մի քանի օր առաջ: Հատկանշական է, որ գրեթե բոլոր ծանուցումներն ուղարկվել են լիազոր մարմնի կողմից տեղական և արտերկրյա մամուլում տեղ գտած հայտարարություններից հետո՝ ՀՀ-ում այդ հիվանդությունների բռնկման մասին, ինչը վկայում է այն մասին, որ այդ ծանուցումները եղել են պարզապես պարտադրված: Եթե ՍԱՊԾ-ն հրապարակի ՀՀ տարածքում վերջին 5 տարիների ընթացքում կենդանիների հիվանդությունների, (այդ թվում՝ կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդությունների և զոոնոզ հիվանդությունների) բռնկումների մասին վիճակագրությունը և կարողանա հիմնավորել, թե ինչու այդ բռնկումների մասին ծանուցում չի ուղարկել OIE, որի պարտավորությունը ստանձնել է ՀՀ-ն՝ այդ հեղինակավոր կազմակերպությանը անդամակցելիս, դա կլինի, թերևս ,լավագույն ապացույցը, որ ՍԱՊԾ կատարում է իր միջազգային պարտավորությունները: Ինչը մինչ օրս չի արվել …

Անդրադառնալով ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում ՀՀ պարտավորություններին՝ պետք է նշեմ, որ առ այսօր չեն հրապարակվել ԵԱՏՄ անդամ երկրների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության (այսուհետև՝ ՌԴ) կողմից ստացված նամակները և զեկույցները, որոնք բացի արտահանման մասին այլ տվյալներից, պարունակում են նաև ՌԴ ներկրման սահմանափակման մասին զգուշացումներ և ծանուցումներ, ՀՀ-ից գյուղատնտեսական հումքի, մթերքի և սննդամթերքի արտահանումը սահմանափակող դրույթներ, ինչպես նաև ցուցումներ՝ոլորտի լիազոր մարմնի թերացումները ուղղելու վերաբերյալ: Չեն հրապարակվել նաև մի շարք զեկույցներ, որոնք պարունակում են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների՝ ՀՀ համապատասխան լիազոր մարմինների գործունեության որակի վերաբերյալ գնահատականները, այդ թվում՝ OIE գնահատականները՝ կատարված 2007 և 2009 թթ, Եվրոմիության (այսուհետև՝ ԵՄ) սննդի և անասնաբուժության գրասենյակի գնահատականները՝ 2003, 2007, 2017թթ, ՌԴ Բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական դաշնային ծառայության (այսուհետև՝ Ռոսսելխոզնադզոր) կողմից 2015թ. տված գնահատականը և այլն: Վերոհիշյալը վկայում է ՍԱՊԾ ոչ թափանցիկ աշխատաոճի մասին: Կենդանիների հիվանդությունների մասին վիճակագրության, ինչպես նաև վերոհիշյալ զեկույցների հրապարակումը, թերևս լավագույն ապացույցը կլիներ այն բանի, որ ՍԱՊԾ-ն աշխատում է թափանցիկ: Ինչը մինչ օրս չի արվել …

Ինչ վերաբերում է ՍԱՊԾ հայտարարությունում տեղ գտած այն տեղեկատվությանը, թե հոկտեմբերին ՀՀ կայցելեն OIE փորձագետները՝ գնահատելու Հայաստանի անասնաբուժական ծառայությունների գործունեությունը, պետք է նշեմ, որ նման տեղեկատվությունը վկայում է ոչ թե թափանցիկ աշխատելու մասին, ինչպես նշված է հայտարարությունում, այլ նրա մասին, որ ՍԱՊԾ ղեկավարությունը և նշված հայտարարության համար պատասխանատու անձնակազմը նույնիսկ տեղյակ չեն OIE փորձագետների ժամանելու նպատակի մասին: Կցանկանայի տեղեկացնել Ձեզ, որ ՀՀ անասնաբուժական ծառայությունների գործունեությունը OIE փորձագետների կողմից գնահատվել և վերլուծվել է 2007 և 2009թթ. համապատասխանաբար, և ցուցումներ են տրվել՝ թերացումները վերացնելու ուղղությամբ: Ինչը մինչ օրս չի արվել …

Իսկ հոկտեմբերին OIE փորձագետները ժամանելու են՝գնահատելու ոչ թե ՀՀ անասնաբուժական ծառայությունների գործունեությունը, այլ ՀՀ անասնաբուժական և անասնաբուժասանիտարական օրենսդրությունը: OIE կողմից ՀՀ համապատասխան ոլորտում արված գնահատումների, ինչպես նաև սպասվելիք գնահատումների մասին տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

https://www.oie.int/solidarity/pvs-evaluations/status-of-missions/

https://www.oie.int/solidarity/pvs-gap-analysis/status-of-missions/

https://www.oie.int/solidarity/veterinary-legislation/status-of-missions/

Սա վկայում է այն մասին, որ ՍԱՊԾ կամ քողարկում է OIE պատվիրակության այցի իրական նպատակը, կամ չի տիրապետում իրավիճակին, ինչը անթույլատրելի է: Խորհուրդ կտայի ՍԱՊԾ-ին նման պաշտոնական հայտարարություններ տարածելուց առաջ ուսումնասիրել համապատասխան հաղորդագրությունները և փաստաթղթերը:

Անդրադառնալով հայտարարությունում տեղ գտած այն դրույթին, թե ՀՀ-ում կենդանիների հիվանդությունների՝ իմ կողմից ներկայացված պատկերը իրականության հետ ոչ մի աղերս չունի, ասեմ, որ, եթե ՍԱՊԾ-ն իր պաշտոնական կայք էջում հրապարակի առնվազն վերջին 5 տարվա իրական վիճակագրությունը՝ կենդանիների հիվանդությունների, (այդ թվում՝ կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդությունների և զոոնոզ հիվանդությունների) բռնկումների մասին, ապա ինչպես մասնագետները, այնպես էլ ոչ մասնագետները բազմաթիվ աղերսներ կգտնեն իմ ներկայացրած պատկերի հետ:

Ուզում եմ առանձին անդրադարձ կատարել հայտարարությունում տեղ գտած օրինակներին, մասնավորապես՝ դաբաղին և բրուցելիոզին:

Դաբաղ՝ այս հիվանդության մասին ՍԱՊԾ կողմից հնչեցրած գնահատականների կապակցությամբ ունեմ մի քանի նկատառումներ.  ես բնականաբար քաջատեղյակ եմ, որ վերջին առնվազն 20 տարիներին երկրում արձանագրվել է միայն Ա, Օ և Ազիա 1 դաբաղի հարուցչի տիպերի շճատեսակները, քանի որ ինքս տարիներ շարունակ աշխատել եմ ԵՄ պարենային ապահովության ծրագրում, որը ֆինանսավորում էր գյուղատնտեսական կենդանիների դաբաղի դեմ պատվաստանյութի գնումը և միջոցառումների իրականացումը ՀՀ-ում և Վրաստանում: Ասեմ ավելին,որպես այդ ծրագրի՝ կենդանիների առողջության և սննդամթերքի անվտանգության գծով փորձագետ՝ անձամբ պատասխանատու էի դաբաղի պատվաստանյութի լիազոր մարմնի կողմից ներկայացված տեխնիկական բնութագրի ստուգման և գնված պատվաստանյութի՝ այդ բնութագրին համապատասխանության համար: Այնուամենայնիվ, ուզում եմ նշել, որ ցանկացած տիպի շճատեսակ կամ շճատեսակի ենթատեսակ, որը առաջին անգամ է արձանագրվում երկրի տարածքում, համարվում է էկզոտիկ: Շճատեսակի հայտնաբերված հարուցչի էկզոտիկ լինելը ՍԱՊԾ-ի թերևս միակ հիմնավորումն էր, թե ինչու է ՀՀ-ում բռնկվել դաբաղը 2015թ. վերջին և 2016թ. սկզբին:Եթե տիպը էկզոտիկ չէ, դա նշանակում է, որ դաբաղ հիվանդության դեմ պատվաստումները և դրանց վերահսկողությունը ՍԱՊԾ կողմից թերի են կատարվում, ինչն էլ և դառնում է հիվանդության բռնկման պատճառ: Թեև ես համոզված չեմ, որ դաբաղ հիվանդության դեմ պատվաստումները և վերահսկողությունը ՀՀ-ում կատարվում են պատշաճ կերպով,այնուամենայնիվ, հիմնվելով ոլորտային միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ OIE և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (այսուհետև ՝ FAO) կողմից տարածած տվյալների վրա՝ կարող եմ հաստատել, որ, իրոք, 2015թ. վերջին և 2016թ. սկզբին ՀՀ-ում արձանագրված դաբաղ հիվանդության բռնկումը պայմանավորված է եղել դաբաղի հարուցչի էնզոոտիկ տիպի էկզոտիկ շճատեսակով:

Խոսելով 2015թ. վերջին և 2016թ. սկզբին ՀՀ-ում արձանագրված դաբաղ հիվանդության բռնկման մասին՝ ես օգտագործել եմ «штамм» բառը, որը ռուսերեն լեզվով նշանակում է շճատեսակ, սակայն ենթադրում եմ, որ հանրության համար մատչելի լինելու նպատակով հրապարակման մեջ օգտագործվել է «տիպ» եզրույթը, ինչը ես նորմալ եմ համարում: Նույն եզրույթը մամուլի ասուլիսի ժամանակ օգտագործել է նաև ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետը՝ հանրությանը նկարագրելով բռնկումը և հիմնավորելով դրա պատճառները:ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետի կարծիքին վերոհիշյալի վերաբերյալ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

https://araratnews.am/saptc-anasnabuzhuthyan-teschuthyan-peteh%D5%9D-dabaghi-u-rusastani-dratc-argelkhi-masin/

Կառչելով իմ կողմից օգտագործված «տիպ» տեխնիկական եզրույթից՝ ՍԱՊԾ-ն փաստորեն ակամայից կասկածի տակ է դնում նաև իր իսկ պետական անասնաբուժության տեսչության պետի կոմպետենտությունը և 2016թ. հունվարի 23-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նրա կողմից հանրությանը տրամադրված տեղեկատվության հավաստիությունը:

Անդրադառնալով ՍԱՊԾ հայտարարությունում տեղ գտած այն պնդմանը, որ ՀՀ-ում մանր կամ խոշոր եղջերավորների բրուզելյոզի դեմ պատվաստման որևէ քաղաքականություն կամ ծրագիր ՍԱՊԾ-ն երբևէ չի իրականացրել՝ ցանկանում եմ նշել, որ իմ հարցազրույցում ես նշել եմ այն մասին, որ ՍԱՊԾ-ի մասնագիտական տեսակետից թերի և անհեռատես քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ ՀՀ-ում սկսեցին անասնագլխաքանակը պատվաստել բրուցելոզի դեմ: Բրուզիլյոզի դեմ պատվաստումը կատարվել է Սյունիքի մարզում FAO-ի և զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության (այսուհետև՝ SDC)կողմից համատեղ ծրագրի շրջանակներում:  2016թ. դրությամբ՝ այդ մարզում արդեն պատվաստվել էր 240.000 եղջերավոր կենդանի, որից 80.000 խոշոր եղջերավոր և 160.000 մանր եղջերավոր՝ համապատասխանաբար:Վերոհիշյալի մասին ավելի մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել հետևյալ հղումով՝

https://med.news.am/arm/news/11100/hayastanum-240-000-kendani-patvastvel-e-brucelozi-dem.html

Բրուզելյոզի դեմ անասնագլխաքանակի կենդանի պատվաստանյութով պատվաստման վտանգի մասին ես նախկինում նշել եմ և հիմնավորել եմ իմ կարծիքը, որի հետ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

https://med.news.am/arm/news/11931/inchu-charzhe-hayastanum-kendani-patvastanyutov-patvastel-kendaninerin-brucelyozi-dem.html

Բրուզելյոզի դեմ ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների պատվաստման հետ կապված իմ կարծիքի և մտահոգությունների վերաբերյալ որևէ արձագանք լիազոր մարմնի կողմից երբևիցէ չի եղել: Պետք է նշեմ, որ իմ կարծիքը և մտահոգությունները կիսում են նաև մի շարք ՀՀ մասնագետներ, ինչպես նաև Ռոսսելխոզնադզորի, ԱՄՆ կենդանիների և բույսերի առողջության տեսչական ծառայության(APHIS), ԵՄ սննդի անվտանգության լիազոր մարմնի (EFSA) մի շարք առաջատար փորձագետներ:

ՍԱՊԾ պնդումներն այն մասին, որ պետական քաղաքականություն կամ ծրագիր չի եղել, վկայում են, որ երկրում իրականացվում են կենդանիների և մարդկանց առողջության համար կասկածելի արդյունքով անասնաբուժական և/կամ անասնաբուժասանիտարական միջոցառումներ՝ առանց լիազոր մարմնի տեղեկացվածության կամ թույլտվության: Սա նշանակում է, որ ՍԱՊԾ-ն կամ չի տիրապետում իրավիճակին կամ փորձում է քողարկել իրողությունը: Եթե այդ միջոցառումներն, այնուամենայնիվ, համաձայնեցվել են ՍԱՊԾ-ի հետ, ապա դա իր հերթին նշանակում է, որ լիազոր մարմինը թույլ է տալիս երկրում իրականացնել անասնաբուժական և/կամ անասնաբուժասանիտարական միջոցառումներ՝ առանց դրանց ռիսկերի մանրակրկիտ գնահատման և վերլուծության, ինչը կարող է վտանգել մեր ազգաբնակչության և անասնագլխաքանակի առողջությունը և/կամ կյանքը::

Վերջում ցանկանում եմ հատուկ անդրադարձ կատարել ՍԱՊԾ հայտարարությունում տեղ գտած այն պնդումներին, որոնց համաձայն՝ ես տեղեկացված չեմ ներմուծումների քաղաքականության, իրավական հիմքերի և ընթացակարգերի մասին: Ի գիտություն ՍԱՊԾ-ի՝ցանկանում եմ նշել, որ ՀՀ-ն անդամագրվել է Առևտրի միջազգային կազմակերպությանը՝ (այսուհետև՝ WTO) այդ կազմակերպության խորհրդի՝ 10.12.2002թ որոշմամբ, որի մասին տեղեկատվությունը կարող եք գտնել դրա կողմից 17.12.2002թ, տարածած շրջաբերականում՝ WT/L/506 (02-6874) 17 December 2002:

ՍԱՊԾ-ն հավանաբար տեղյակ չէ, որ ՀՀWTO-ին անդամակցության վերաբերյալ Թուրքիան նախապես տեղեկացրել է WTO-ի ղեկավար անձնակազմին և բոլոր անդամ երկրներին, որ միակողմանի չի ճանաչելու ՀՀ՝ որպես WTO անդամ, ինչպես նաև այն մասին,որ Թուրքիայի և ՀՀ միջև WTO-ի որևէ առևտրային համաձայնագիր չի գործելու: Այդ մասին տեղեկությունը շարադրված է  WTO-ի կողմից տարածած WT/L/501 (02-6656) 3 December 2002 շրջաբերականում: Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Պակիստանին, ապա այդ պետական գոյացություններն ընդհանրապես չեն հանդիսանում WTO-ի անդամ, հետևաբար՝ ՀՀ պարտավորությունները WTO-ին անդամակցության շրջանակներում նրանց վրա չի տարածվում:

Ելնելով վերոհիշյալից՝ ցանկանում եմ արձանագրել, որ ՀՀ-ն ոչ մի առևտրային պարտավորություններ չունի Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի նկատմամբ WTO-ին անդամակցության շրջանակներում և իր պետական շահերիցելնելով՝ կարող է ցանկացած հիմքով կիրառել սանիտարական և բուսասանիտարական սահմանափակումներ այդ երկրներից գյուղատնտեսական հումքի, սննդամթերքի և մթերքի ներկրման վրա: Կրկին անգամ խորհուրդ կտայի ՍԱՊԾ-ին նման պաշտոնական հայտարարություններ տարածելուց առաջ ուսումնասիրել  համապատասխան հաղորդագրությունները և փաստաթղթերը:

Ինչ վերաբերում է նրան, որ թուրքական մամուլում շրջանառվող լուրերը միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը, պետք է նշեմ, որ որպես ՀՀ լիազոր մարմին, որը կիսում է երկրի բնակչության առողջության և անվտանգության համար պետական պատասխանատվությունը ՀՀ այլ լիազոր մարմինների հետ, ՍԱՊԾ-ն ուղղակի պարտավոր է մշտադիտարկել, վերլուծել և հանրությանը ներկայացնել Թուրքիայի, Ադրբեջանի և ՀՀ նկատմամբ ակնհայտ թշնամական կեցվածք ունեցող այլ երկրների կողմից հրապարակված՝ ոլորտին վերաբերող բոլոր տեղեկությունները և դրանց հավաստիության վերաբերյալ տվյալները:Ինչը մինչ օրս չի արվել …

Անդրադառնալով այն պնդմանը, որ ՍԱՊԾ-ն ադրբեջանական ծագման սննդամթերքի ՀՀ ներմուծման թույլտվություն երբևէ չի տվել, ցանկանում եմ մեկ անգամ ևս հիշեցնել ՀՀ շուկայում վերջին տարիներին ադրբեջանական ծագման սխտորի և խնձորի հայտնվելու մասին, որոնց վերաբերյալ տեղեկատվություն կարող եք գտնել ստորև բերված հղումներով՝

https://news.am/arm/news/86480.html,

https://news.am/arm/news/402260.html

Ամփոփելով վերը նշվածը՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ վերջին 7 տարիներին ՍԱՊԾ գործելաոճը և իրականացվող քաղաքականությունը կասկածի տակ են դնում այդ կառույցի ղեկավարության կոմպետենտությունը, և նրանց կողմից իրականացվող գործողություններն ու արված հայտարարությունները ամենևին վստահություն չեն ներշնչում ինչպես գործընկեր կազմակերպություններին, այնպես էլ ՀՀ հանրությանը:

Իմ կողմից բերված փաստարկները վկայում են նաև, որ ՍԱՊԾ կողմից իրականացվող առանձին գործողություններ կարող են պարունակել ռիսկեր, որոնք հղի են անկանխատեսելի հետևանքներով ՀՀ ազգաբնակչության առողջության, սննդամթերքի անվտանգության, գյուղատնտեսության, տեղական և միջազգային առևտրի և տնտեսական զարգացման համար:

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև ոլորտի կարևորությունը ՀՀ տնտեսական զարգացման և առողջապահության համար՝ անհրաժեշտ է Ձեր անմիջական միջամտությունը ոլորտի համակարգային բարելավման և ոլորտում տեղ գտած բազմաթիվ խնդիրների լուծման հարցում»:

Նույնաբովանդակ նամակ ուղարկվել է նաև Արթուր Խաչատրյանին․

Ստորև ձեզ ենք ներկայացնում նաև Գրիգոր Գրիգորյանի կենսագրությանը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել