Խոշորացված համայնքների զարգացման գործում ակնկալում ենք համաշխարհային բանկի աջակցությունը. Վաչե Տերտերյանը

Խոշորացված համայնքների տնտեսական կարողությունների զարգացման գործում ակնկալում ենք Համաշխարհային բանկի գործուն աջակցությունը։ Այս մասին, հունիսի 13-ին, Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Իվան Դրաբեկի եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի սոցիալական ծրագրերի խորհրդատու Վահան Դանիելյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը։

Կողմերը քննարկել են Հայաստանի տարբեր համայնքներում համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ենթակառուցվածքների վերականգնման, ծառայությունների զարգացման, տեղական մակարդակում ինստիտուցիոնալ եւ ֆինանսական կարողությունների ներդրման ծրագրերի ընթացքին եւ ակնկալվող արդյունքներին վերաբերող հարցեր։

Վաչե Տերտերյանը պատվիրակներին հավաստիացրել է, որ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրերը խիստ կարեւոր են Հայաստանի համար եւ նշել, որ վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ձեւավորված խոշորացված համայնքների տնտեսական կարողությունների զարգացման գործում ակնկալում են Համաշխարհային բանկի գործուն աջակցությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական խորհրդակցությունների միջոցով զարգացնել առկա համագործակցության ներուժը եւ նոր գաղափարներով թափ հաղորդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել