Կսահմանվի մշտական բնակության վայրից դուրս պաշտոնավարող կառավարության անդամին բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման տրամադրման դեպքերը, կարգը, չափն ու ժամկետը

Հունիսի 15-ին կառավարությունը որոշում կընդունի իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման տրամադրման դեպքերը, կարգը առավելագույն չափն ու ժամկետը սահմանելու մասին։

Նախագծի հիմնավորման համաձայն, Ազգային ժողովի կողմից 2018 թվականին մարտի 23-ին ընդունվել են «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքը, նշված օրենքի 17-րդ հոդվածի համաձայն Կառավարության սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված Կառավարության անդամի դիմումի հիման վրա տրամադրվում է տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի տրամադրման կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանում է Կառավարությունը:

Հաշվի առնելով սա` անհրաժեշտություն է առաջացել մշակելու  «իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ քաղաքում բնակարանի վարձին  համարժեք փոխհատուցման տրամադրման դեպքերը, կարգը, առավելագույն չափը ու ժամկետը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որում հստակ շարադրվել են փոխհատուցման տրամադրման կարգը, առավելագույն չափը ու ժամկետը: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել և հաշվի է առնվել Ազգային Ժողովի պատգամավորներին Երևան քաղաքում բնակարան չունենալու դեպում բնակարանի վարձով կամ համարժեք  փոխհատուցման ապահովելու մեխանիզմը:

Այսպիսով, հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը՝ կառավարությունը կորոշի․

  1. Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման առավելագույն չափ սահմանել՝ ամսական 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ:
  2. Կառավարության անդամի բնակարանի վարձի փոխհատուցումը տրամադրվում է իր մշտական բնակության վայրից դուրս կառավարության անդամի պաշտոնավարման ժամանակահատվածի համար:
  3. Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցումը տրամադրվում է այն դեպքերում , երբ կառավարության անդամի նստավայրը իր մշտական բնակության վայրը չէ և նա տվյալ վայրում չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի անշարժ գույք:
  • Փոխհատուցումը տրամադրվում է Կառավարության անդամի ` վարչապետին ուղղված դիմումի հիման վրա, որին կցվում են անշարժ գույքի վարձակալության պայմանագրի, վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները, դիմումի մեջ ներառվում է նաև տվյալ վայրում կառավարության անդամին սեփականության իրավունքով պատկանող բնակելի անշարժ գույքի բացակայության վերաբերյալ կառավարության անդամի հայտարարությունը:
  • Կառավարության անդամին բնակարանի վարձի փոխհատուցման տրամադրումն ապահովում է նրան աշխատավարձ վճարող պետական մարմինը՝ վարչապետի որոշման հիման վրա:
  • Յուրաքանչյուր ամսվա վարձի փոխհատուցումը տրամադրվում է մինչև հաջորդ ամսվա 15-ը:
  • Փոխհատուցման տրամադրման հիմքերի վերացման դեպքում կառավարության անդամն այդ մասին ներկայացնում է դիմում վարչապետին:
  • Կառավարության անդամին բնակարանի վարձի ամսական փոխհատուցման տրամադրումը փոփոխվում է անշարժ գույքի վարձակալության պայմանագրով վարձավճարի՝ փոխհատուցման առավելագույն չափի սահմաններում կատարված փոփոխման դեպքում:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել