Նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչների հետ

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հանրային ֆինանսների կառավարման և տնտեսության թիրախային ոլորտներում ենթադրամաշնորհ ստացած կոնսորցիումի ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ծրագրի ղեկավար, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը, տեղական ինքնակառավարման հարցերի համակարգող Էմին Երիցյանը:  

Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ կարևորում է հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ շարունակական համագործակցությունը՝ նշելով, որ նախարարության և ՔՀԿ-ների հորիզոնական փոխգործակցությունը աջակցում է քաղաքացիական գիտակցության բարձրացմանը և ժողովրդավարական արժեքների հետևողական ներդրմանը։ «Շատ ուրախ կլինենք համագործակցության համար, մենք շատ կարևորում ենք նաև կազմակերպությունների մարզերից ներգրավվածությունը և նրանց մասնակցությունը»,-նշեց նախարարը։

Կարեն Զադոյանը ներկայացրեց ծրագիրը, դրա շրջանակներում տարածքային կառավարման և զարգացման ոլորտում  քաղաքականությունների բարելավման մասին, որով էլ խթանվելու է ՔՀԿ-ների ավելի մեծ ներգրավվածությունը տեղական աճի ռազմավարություններում և «խելացի համայնք» նախաձեռնություններում, կարևորվելու է տեղական տնտեսական զարգացման պլանների հաջող իրականացման և ՏԻՄ-երում հանրային կառավարման բարեփոխումների բարելավման, մշտադիտարկման և ջատագովության անհրաժեշտությունը: «Մենք գույքագրած տարբեր խնդիրներ ունենք, որոնք հերթով կներկայացնենք ձեզ, միասին լուծենք դրանք և անցնենք առաջ»,-ասաց Կարեն Զադոյանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ինտենսիվ հանդիպումներ և հասցեական քննարկումներ իրականացնել ծրագրի առանձին բաղադրիչների վերաբերյալ։

Տեղեկացնենք, որ նախարարին է ներկայացվել «Բյուջե բոլորի համար» և «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրերը: Հավելենք, որ այս ծրագրերն իրականացնող ցանցերն են «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը և «ՀամաԶարԿ» («Համայնքների զարգացման և մասնակցային կառավարման միավորում») կոալիցիան:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:

Ծրագրի շրջանակներում ընտրված են 9 թիրախ ոլորտներ։ Դրանք  են՝ արդարադատություն, մարդու իրավունքներ, հանրային ֆինանսների կառավարում, բիզնես, կրթություն, սոցիալական ոլորտ.  հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսություն, տնտեսություն, Էներգետիկա։ Նախատեսվում է ոլորտի լիազոր մարմինների հետ՝ Կառավարություն-ՔՀԿ-ներ կառուցողական երկխոսության ձևաչափով վեր հանել առկա խնդիրները, մշակել, ջատագովել և բարելավել հանրային քաղաքականության ծրագրեր՝ նորարար գաղափարներով և լուծումներով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել