ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյան, որ պետությունից թանկարժեք բնակարան է նվեր ստացել

Հունիսի 11-ին նախագահի հրամանագրով ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում նշանակվեց Գրիգորի Հայրապետովը:

Դեռևս երկու տարի առաջ անդրադարձել էինք այն մասին, որ 2014 թվականի վերջին շուրջ 755 միլիոն դրամ կառավարությունը հատկացրել էր 6 պետական կառույցների` աշխատակիցների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով: Գնվել էր 28 բնակարան և, բացի ոստիկանությունից, մյուս մարմինները գնված բնակարանները սեփականության իրավունքով հանձնել էին իրենց աշխատակիցներին:

Այն ժամանակ ԱԱԾ ՊՊԾ պետի տեղակալ Գրիգորի Հայրապետովին «Երազ» նորակառույց թաղամասում հատկացվել էր 209,41 քմ մակերեսով բնակարան, որի համար պետական բյուջեից հատկացվել էր շուրջ 56 միլիոն դրամ (շուրջ 117 հազար դոլար):

Նրա գույքի և եկամուտների 2014-ի տարեկան հայտարարագրից հայտնի էր դարձել, որ նա ստացել էր հիշյալ արժողության բնակարանն ու նույն տարում էլ օտարել այն: Իսկ նրա կնոջ հայտարարագրում նշվում է, որ նա նույն տարում նույն արժողությամբ բնակարան է նվեր ստացել: Կարելի էր եզրակացնել, որ Գրիգորի Հայրապետովը պետությունից ստացած բնակարանը նվիրել է կնոջը:

Այդ ժամանակ բնակարաններ էին ստացել նաև ԱԱԾ ՊՊԾ ևս երկու աշխատակից, և Իրավաբան.net -ի հարցմանը, թե ինչ սկզբունքով են ընտրվել անձիք, ովքեր բնակարաններ են ստացել, ԱԱԾ ՊՊԾ պետի տեղակալ Հ. Կուպոլյանը պատասխանել էր. «… Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների շրջանակը որոշվում է բացառապես ՀՀ կառավարության 24.07.2008 թ-ի 805-Ն և 07.03.2007թ-ի 384-Ն որոշումներով հաստատված կարգերի պահանջներին և չափորոշիչներին համապատասխան` հաշվի առնելով զինծառայողների բնակարանային պայմանների սղությունը, ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակից լինելու հանգամանքը, երկարամյա ծառայությունը (10 և ավելի) և այլ չափորոշիչներ»:

Ի դեպ,

Գրիգորի Հայրապետովի, նրա կնոջ և համատեղ բնակվողների եկամուտները տարակուսելիորեն քիչ են: Այսպես,

2014-ին Գրիգորի Հայրապետովը հայտարարագրել է շուրջ 5,5 միլիոն դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից, 2015 թվականին՝ 6,38 միլիոն դրամ, 2016 թվականին ոչինչ չի հայտարարագրել, իսկ 2017 թվականին ընդամենը 440 000 դրամ: Այս ընթացքում, բացի հիշյալ բնակարանը, այլ գույք չի հայտարարագրվել:

Նրա կինը՝ Լուսինե Հայրապետովան, 2014-ին, բացի նշյալ բնակարանը, որ նվեր է ստացել, այլ գույք ու եկամուտ չի հայտարարագրել, 2015-ին նույնպես որևէ գույք ու եկամուտ չի ունեցել, 2016-ին ստացել է 55 000 դրամ՝ աշխատանքի դիմաց վարձատրություն, իսկ 2017-ին՝ 93 000 դրամ:

Նրա դուստր Վելիվետա Հայրապետովան 2014, 2015, 2016 թվականներին ոչինչ չի հայտարարագրել, իսկ 2017-ին՝ 82 000 դրամի եկամուտ: Իսկ մյուս դուստրը՝ Լյուդմիլան ոչինչ չի հայտարարագրել 2014-2017 թվականներին:

Նրա հետ համատեղ բնակվող Սվետլանա Հայրապետովան 2014 թվականին հայտարարագրել է 372 000 դրամ եկամուտ՝ կենսաթոշակ:

Այսինքն, 2014-2017 թվականների ընթացքում Հայրապետովի ընտանիքի ամբողջ եկամուտը, ըստ ներկայացված հայտարարագրերի, կազմել է ընդամենը շուրջ 13 միլիոն դրամ:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել