Դավիթ Համբարձումյանը շարունակում է իրականացնել քաղաքապետի գործառույթները

Հունիսի 5-ին դատախազը՝ օգտվելով իր իրավունքներից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով որոշումներ է կայացրել Դավիթ Համբարձումյանի և Կարեն Օհանյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին:

Այդ որոշումները կատարման նպատակով ուղարկվել են Մասիսի քաղաքապետարան և ՀՀ տարածքային կառավարման  զարգացման նախարարություն, հայտնում է դատախազությունը:

Սակայն փաստերը վկայում են, որ Դավիթ Համբարձումյանը չի դադարեցրել քաղաքապետի իր գործառույթները: Քաղաքապետը շարունակում է մասնակցել քաղաքային միջոցառումներին որպես քաղաքապետ և խորհրդակցություններ անցկացնել Մասիսի քաղաքապետարանի տարածքում:

Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ` քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:

Նույն հոդվածի 3-րդ հոդվածը սահմանում է, որ պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացվում է դատարանի, դատախազի կամ քննիչի որոշմամբ, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը:

Դատախազի Խորհրդական Գոռ Աբրահամյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ դատախազը պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացնելու մասին որոշում չի կայացրել:

Նշենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն դատախազը իր կայացրած որոշումը ի կատար ածելու համար գործառույթներ չունի:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։ Գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա տեղակալին և ևս 3 անձի:

Հունիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալումը և կարգադրել նրան անհապաղ ազատ արձակել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Եվգենյա Համբարձումյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել