Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Կոտայքի բաժնի պետին

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ Ա. Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:

Ինչպես հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից, այսպես, 2018 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, մի շարք քաղաքացիներ Երեւան-Սեւան ավտոճանապարհի՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հենակետի հարակից տարածքում իրականացրել են բողոքի զանգվածային ակցիաներ, որի ընթացքում փակել են նաեւ հիշյալ ավտոճանապարհի երթեւեկելի հատվածը: Հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Արզումանյանի գլխավորությամբ:

Լրագրող Տիրայր Մուրադյանը, զանգվածային լրատվության միջոցների մյուս ներկայացուցիչների հետ, լրագրողական վկայականով (որը տեսանելի է եղել), իր բջջային հեռախոսով ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել է քաղաքացիների եւ ոստիկանության ծառայողների գործողությունների ընթացքը:

Այդ ժամանակ Ա. Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել է Տ. Մուրադյանին եւ փորձել վերցնել վերջինիս բջջային հեռախոսը, այնուհետեւ իր աշխատակիցներին հրահանգել է Տ. Մուրադյանին հեռացնել նշված հատվածից: Հանդիպելով Տ. Մուրադյանի արդարացի եւ իրավաչափ ընդվզմանը եւ անտեսելով լրագրող լինելու մասին վերջինիս հավաստիացումները, ինչպես նաեւ այն, որ լրագրողն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ոստիկանների ծառայությանը խոչընդոտող վարքագիծ չի դրսեւորել, այդուհանդերձ, Ա. Արզումանյանը մյուս ծառայողների հետ անհիմն ֆիզիկական ուժ եւ բռնություն գործադրելով` Տ. Մուրադյանին նստեցրել են «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան եւ ապօրինի հեռացրել մասնագիտական գործունեության իրականացման վայրից:

Ոստիկանության գնդապետ Ա. Արզումանյանը վերը նկարագրված գործողություններով խոչընդոտել է լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ա. Արզումանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել