Վնասվածքաբանական բաժանմունքի վարիչը օգտագործել է պաշտոնեական դիրքը

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Կապանի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում խարդախության դեպք են բացահայտել։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Նախնական քննությամբ պարզվել է, որ «Կապան» բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, հիվանդանոց ընդունված ու պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն ստացած մի տղամարդու վիրահատության համար նրա մորից խաբեությամբ պահանջել ու ստացել է 300.000 դրամ, նույն հիմունքներով բուժօգնություն ստացած մեկ այլ քաղաքացու մորից էլ՝ 245.000 դրամ, մեկ ուրիշի կնոջից էլ խաբեությամբ պահանջել ու ստացել է 35․000 դրամ՝ դարձյալ վիրահատության համար։ Բացի այս ոստիկանները պարզել են, որ «Կապան» բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչը հիվանդանոց ընդունված և ապահովագրական միջոցներով բուժօգնություն ստացած մի տղամարդուց էլ խաբեությամբ պահանջել ու ստացել է 250.000 դրամ` հափշտակելով ընդհանուր 830.000 դրամ։

Դեպքերի հանգամանքները պարզվում են։
Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դաավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել