«Դե, հայտարարություն արեք, որ կրակողներին կոչ ենք անում ևս կես ժամ սպասել, մինչև ոստիկանությունը գա հասնի». Փաշինյանը՝ Օսիպյանին

Այսօր կառավարության նիստի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օրակարգից դուրս մի հարցի մասին խոսեց:

«Երեկ մի դեպք է գրանցվել, որ գիշերը 00:30-ին Նորք Մարաշում կատարվել է հրավառություն: Ձայնագրություն է կատարվել, այն պտտվում է համացանցում: Թե՛ կարգի խախտման, թե՛ հրդեհային առումով մենք օրենսդրական բացեր ունենք, բայց ես խնդրում եմ բոլոր շահագրգիռ կազմակերպություններին այս հարցով զբաղվել: Գեթ մեկ երեխայի հանգիստ քունը ավելի կարևոր է, քան 500 հոգու քեֆը և ուրախությունը: Ես որպես քաղաքացի նախկինում շատ եմ առնչվել դրա հետ ու պատերի եմ հանդիպել: Նույնիսկ ոստիկանությունը ընթացք չի տվել իմ դիմումներին»,-նշեց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պահին օրենքը կարգավորված է և այն ուժի մեջ է մտել. «Բայց Նորք Մարաշը ոստիկանության բաժանմունք ունի, չէ՞»:

Հարցին արձագանքեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը. «Մենք հետամուտ կլինենք: Ինձ համար զարմանալի է, որ դուք դիմել եք, իսկ ոստիկանությունը ընթացքը չի տվել»:

Նիկոլ Փաշինյանը սակայն նշեց, որ միայն հայտարարությունով չէ և այդ տարածքը ունի ոստկանության բաժանմունք. «Եվ եթե պարզվի, որ մինչև մեր այս քննարկումը ոչ մի միջոց չի ձեռնարկել, ուրեմն Դուք կձեռնարկեք միջոց այդ ոստիականական բանմունքի պատասխանատուների նկատմամբ»:

«Մենք շատ խիստ ենք մոտենում այդ հարցին, անգամ պարտավորագրեր ենք վերցնում այն կազմակերպություններից, որոնք ներկրում և վաճառում են: Բայց դա շատ դժվարությամբ հայտնաբերվող է»,-նշեց ոստիկանապետը:

«Էդ թռնում ա ու պայթում ա գիշերը: Դա ամենահեշտ հայտաբերելին է»,-նշեց վարչապետը:

Օսիպյանը հավատացրեց, որ  հրավառություն կազմակերպողները նույն տեղում չեն սպասում:

Փաշինյանն էլ ծիծաղելով ավելացրեց. «Դե, հայտարարություն արեք, որ կրակողներին կոչ ենք անում ևս կես ժամ սպասել, մինչև ոստիկանությունը գա հասնի»:

Քննարկումը վարչապետի նախաձեռնությամբ ավարտվեց. «Չպետք է լինի հրավառություն և վերջ: Եթե չի կարողանում համապատասխան ծառայությունը ապահովել, որը օրենքը կատարվի, ապա վատ է աշխատում»,-նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել