Սահմանվել է կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կառվարությանն է ներկայացրել կառավարության որոշման նախագիծը, որով սահմանվել է կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը:

 ԿԱՐԳ

  1. Կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից և չորս անդամից: Հանձնաժողովն ունի քարտուղար:
  2. Հանձնաժողովը կազմավորվում է վարչապետի առաջարկությամբ Կառավարության անդամների ներկայացրած թեկնածուներից: Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է վարչապետը:
  3. Հանձնաժողովը հասարակական հիմունքներով գործող մարմին է:
  4. Հանձնաժողովը քննարկում է այն հանրագրերը, որոնք ենթակա չեն որևէ նախարարության իրավասությանը:
  5. Եթե հանրագրում նշված հարցը ենթակա չէ որևէ նախարարության իրավասությանը, ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում վարչապետի աշխատակազմը վարչապետի կողմից ընտրված Կառավարության անդամներին գրությամբ առաջարկում է ներկայացնել հանձնաժողովի անդամի թեկնածու: Կառավարության անդամները մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են հանձնաժողովի անդամի թեկնածու, որի արդյունքում վարչապետն անհապաղ որոշում է ընդունում հանձնաժողով կազմավորելու մասին` նշանակելով հանձնաժողովի նախագահ և իր աշխատակազմից քարտուղար:
  6. Վարչապետի աշխատակազմը հանրագիրը և կից փաստաթղթերը ոչ ուշ, քան հանձնաժողովի կազմավորմանը հաջորդող աշխատանքային օրը ուղարկում է հանձնաժողով:
  7. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:
  8. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով:
  9. Հանձնաժողովի նիuտերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին:
  10. Որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը,

2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը և ժամը,

3) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և վարում դրանք,

4) անհրաժեշտության դեպքում հանրագրի քննարկումներին ներգրավում է մասնագետների,

5) հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրա պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարում է հանձնաժողովի անդամներից մեկին,

6) վարչապետի աշխատակազմին տեղեկացնում է «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով հանրագրին պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգելու մասին` հանրագիրը ներկայացրած անձին ծանուցելու համար,

7) կազմակերպում է հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները,

8) ստորագրում է հանձնաժողովի որոշմամբ ընդունված հանրագրի պատասխանը, գրությունը, նրա գործունեությանը վերաբերող մյուս փաստաթղթերը,

9) իրականացնում է «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Հանձնաժողովի անդամը՝

1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին,

2) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ վարում է հանձնաժողովի նիստը,

3) հանրագրի պատասխանի նախագծերը քննարկելուց հետո մասնակցում է քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ,

4) իրականացնում է «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Հանձնաժողովի քարտուղարը`

1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերի անցկացումը,

2) հանձնաժողովի նիստի անցկացման օրվա և ժամի մասին ծանուցում է  հանձնաժողովի անդամներին նիստից առնվազն երկու աշխատանքային օր առաջ,

3) կազմում նիստերի արձանագրություններ,

4) իրականացնում է «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ, այդ թվում` չի մասնակցում քվեարկությանը:

Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ հանձնաժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է հանձնաժողովի անդամներից մեկը:

Հանձնաժողովի նախագահը հանրագիրն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է տվյալ հարցով զեկուցող: Հանձնաժողովի նախագահը և անդամները հանրագիրն ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են հանրագրի պատասխանի նախագիծ:

Եթե սույն կարգի 16-րդ կետում սահմանված ժամկետում հանրագրի պատասխանի նախագիծ չի ներկայացվում, ապա հանրագրի պատասխանի նախագիծը երկու աշխատանքային օրվա ընթացքում մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում զեկուցողը:

Հանրագրի պատասխանի նախագիծ մշակած հանձնաժողովի անդամը հանձնաժողովի նիստից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ այն տրամադրում է հանձնաժողովի անդամներին:

Ներկայացված նախագծերը քննարկվում են հետևյալ կարգով`

1) նախագծերը քվեարկության են դրվում ըստ ներկայացման հաջորդականության.

2) եթե քվեարկության է դրվել մեկ նախագիծ, ապա այն ընդունված է համարվում, եթե ստացել է հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությունը.

3) եթե քվեարկության է դրվել երկու նախագիծ, և դրանցից ոչ մեկը չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա առավել շատ ձայներ ստացած նախագիծը նորից է դրվում քվեարկության.

4) եթե քվեարկության է դրվել երկուսից ավելի նախագիծ, և դրանցից ոչ մեկը չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որի ժամանակ քվեարկության են դրվում առավել շատ ձայներ ստացած երկու նախագծերը.

5) եթե մեկից ավելի նախագծեր ստացել են ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա ընդունված է համարվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած նախագիծը.

6) եթե մեկից ավելի նախագծեր ստացել են ընդունման համար անհրաժեշտ թվով և հավասար քանակությամբ ձայներ, ապա հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

Հանձնաժողովն իր նիստերը պետք է կազմակերպի այնպես, որ «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում ապահովվի հանրագրի պատասխանի ներկայացումը հանրագիր ներկայացրած անձին:

Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի որոշմամբ հաստատված հանրագրի պատասխանը անհապաղ ուղարկում է վարչապետի աշխատակազմ: Վարչապետի աշխատակազմը ոչ ուշ, քան ստանալուն հաջորդող աշխատանքային օրը հանձնաժողովի որոշմամբ հաստատված հանրագրի պատասխանը «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուղարկում է հասցեատիրոջը:

Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և նիստին ներկա հանձնաժողովի անդամները: Նիստի արձանագրության մեջ նշվում են օրակարգը, հանրագրի պատասխանի նախագծերի, ելույթների հակիրճ նկարագրությունը, քվորումի և քվեարկության արդյունքների մասին տեղեկատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել