Կհաստատվի կառավարության աշխատակարգը

Հունիսի 8-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ որոշում կընդունվի Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին։ Հարցը կառավարության անդամներին կներկայացնի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

Նախագծի հիմնավորման համաձայն, «Հայաստանի Հանրապետության Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել Կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը, մասնավորապես՝

1․ Կառավարության ծրագրին և դրա հիման վրա վարչապետի կողմից սահմանված ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին համապատասխան՝ Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրի մշակում: Նախագծով նախատեսված է, որ նախարարները, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները նախորդ տարվա միջոցառումների ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվություն են ներկայացնում Վարչապետի աշխատակազմ, ինչպես նաև կարող են միջոցառումների ծրագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնել Վարչապետի աշխատակազմ:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան

2․ Սահմանվում է Կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնելու կարգ, ըստ որի Կառավարության քննարկմանն են ներկայացվում Սահմանադրությամբ և օրենքներով նրա իրավասությանը վերապահված, այդ թվում՝ կառավարության կողմից հաստատված կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից բխող հարցեր: Նախագծով սահմանվել է Կառավարության քննարկմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի շրջանառության հստակ ընթացակարգը և դրանք Վարչապետի աշխատակազմ ներկայացնելու համար նախատեսված փաթեթը: Նախատեսվել է, որ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են հանրային քննարկման:

3․ Սահմանվում է օրենքով նախատեսված կարգով փոխվարչապետին վերապահված լիազորությունների իրականացման ընթացակարգը:

4․ Սահմանվում է նախարարական կոմիտեների գործունության կարգը, ըստ որի՝ իրավական ակտերի, ինչպես նաև առանձին ոլորտների զարգացման համար անհրաժեշտ հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի նախագծերը մինչև Կառավա­րության նիստի օրակարգում ընդգրկվելը, որպես կանոն, քննարկվում են համապաստասխան նախարարական կոմիտեներում: Սահմանվում են մշտապես գործող չորս կոմիտեները, դրանք են՝ պետաիրավական, սոցիալական, տարածքային զարգացման և շրջակա միջավայրի, ֆինանսատնտեսագիտական կոմիտեները և դրանց կազմերը:

5․ Նախագծով դետալիզացվում է օրենքով սահմանված կարգով Կառավարության նիստեր հրավիրելու, անցկացնելու և որոշումներ ընդունելու ընթացակարգը: Սահմանվել է, որ Կառավարության նիստերի նախապատրաստման ամբողջ աշխատանքը, ինչպես նաև նիստերի անցկացումն ապահովում է Վարչապետի աշխատակազմը:

6․ Հստակ սահմանվում է նաև գրավոր քվեարկության կազմակերպման կարգը, եթե վարչապետը գտնում է, որ Կառավարության նիստի օրակարգ որևէ հարցի ընդգրկման անհրաժեշտությունը բացակայում է:

7․ Նախագծով սահմանվում է Կառավարության նիստերը արձանագրելու, Կառավարության, վարչապետի և փոխվարչապետի որոշումները խմբագրելու, ձևակերպելու, գրանցելու և հրապարակելու կարգը:

8․ Նախագծով սահմանվում է նաև Կառավարության գործավարության կարգը, որը կազմակերպվում է վարչապետի աշխատակազմի կողմից` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով: Հստակեցվել են վարչապետի, օրենքով սահմանված կարգով փոխվարչապետների կողմից պետական կառավարման համակարգի մարմիններին տրված հանձնարարականների և դրանց կատարման ընթացակարգերը:

Հավելենք, որ նախագիծը մշակվել և շրջանառվել է Վարչապետի աշխատակազմի կողմից:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի պահանջը և գործնականում կկարգավորվի Կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերին առնչվող իրավահարաբերությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել