Ամերիկյան համալսարանում մեկնարկեց ՔՀԿ-ների հավաստագրային ծրագրի խորացված դասընթացների փուլը

Այսօր՝ հունիսի 4-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված քաղհասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացմանն ուղղված հավաստագրային ծրագրի խորացված դասընթացների փուլը։

Հնգօրյա խորացված դասընթացի բացման ժամանակ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ՔՀԿ-Կառավարություն երկխոսության համակարգող/իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանն իր խոսքում նշեց, որ, նախորդիվ 5 փուլով կազմակերպված նմանատիպ դասընթացների արդյունքների վերլուծության համաձայն, հաջողվել է ՔՀԿ մասնակիցների մոտ զարգացնել այնպիսի հմտություններ, ինչպիսիք են՝ փաստարկված հանրային քաղաքականությունների մշակումը, մոնիթորինգի իրականացումը, այդ թվում՝ բյուջեների նկատմամբ, ինչպես կոալիցիաներ ստեղծել, համախոհներ գտնել, ինչպեսև՝ ինչպես հասնել հաջողության՝ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ կառուցողական երկխոսության  շնորհիվ։

«Այս դասընթացին ներկա են քաղհասարակության այն կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր հաղթել են դրամաշնորհային մրցույթը և իրենց հետ կնքվել է դրամաշնորհների իրականացման համաձայնագիր։ Անկախ նրանից, թե յուրաքանչյուրի ծրագիրը որ ոլորտում է, որ ուղղությամբ է աշխատելու, երկու կարևորագույն արդյունք, յուրաքանչյուր ծրագրով, պետք է նվաճվի։ Առաջինը՝ կոալիցիաների կազմումն է, երբ կլինեն խնդիրներ, բոլոր կիմանան, որ գոյություն ունի մեկ կարևոր, ուժեղ ցանց, որին կարող են դիմել հարցերի բարձրաձայնման համար, ինչպես նաև այն կարող  ծառայել որպես հարթակ՝ բարձրացված հարցերի քննարկման համար։ Մյուս կարևոր արդյունքը, որ պետք է ունենան՝ մշակված հանրային քաղաքականությունն է։ Մենք բոլորի հետ առանձին-առանձին ենք խոսել, և հասել այն պայմանավորվածությանը, որ մեզ համար էական չէ ունենալ շատ լավ մշակված հանրային քաղաքականություն։ Մեզ համար այս ծրագրում հիմնակaն արդյուքներից պետք է լինի այդ հանրային քաղաքականությունների իրականացումը, հայեցակարգերի ստեղծումը, դրանք հատուկ ծրագրերում ամրագրելը»,- ասաց Սյուզաննա Սողոմոնյանը։

Ավետիք Մնացականյանը, ով ներկայացնում էր Էներգախնայողության աջակցման հիմնադրամը, մեզ հետ զրույցում նշեց, որ հանրային կառավարման թեմայով դասընթացները շատ կարևոր են Հայաստանում, իսկ ՀԿ-ներն այժմ լուրջ առաջընթացներ են գրանցում։ «Նպատակը՝ լինել ավելի տեղեկացված ավելի արդյունավետ քաղաքականության մշակման համար, ինչպես նաև ձեռք բերել նոր ծանոթություններ ու նոր գաղափարներով կիսվել ոլորտում գտնվող մասնագետների հետ»- ասաց Ավետիք Մնացականյանը։

Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել