Բարեփոխում մաքսային ոլորտում. սահմանային մաքսային վերահսկողությունը աստիճանաբար տեղափոխվում է հետբացթողումնային փուլ

Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից ռիսկերի կառավարման համակարգի զարգացման աշխատանքային խմբի հերթական նիստը:

Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպել են նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների հետ: Վերջիններս աջակցություն են ցուցաբերել մաքսային հսկողության «կապույտ ուղի» ընթացակարգի ներդրման գործընթացում, որի նպատակն է սահմանային մաքսային վերահսկողությունը աստիճանաբար տեղափոխել հետբացթողումնային փուլ: Քննարկվել են նաև նաև «կապույտ ուղի» ընթացակարգի ներդրմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ իրավական կարգավորումների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այս կարևորագույն բարեփոխումը հանդիսանում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացրած հերթական առաջարկությունը՝ ՊԵԿ ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում։

ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության պետական եկամուտների հավաքագրման ոլորտի միջոցառումների ծրագրում մաքսային ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով որպես միջոցառում նախատեսված է մաքսային հսկողության «Կապույտ ուղի» ընթացակարգի ներդրումը:

Պետական եկամուտների հավաքագրման ոլորտի և հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը նշում է, որ մաքսային հսկողության «Կապույտ ուղի» ընթացակարգի ներդրման առաջարկությունը ներառվել է ՊԵԿ ոլորտի հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրում՝ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման արդյունքում։ Մասնավորապես, շուրջ 84 երկրներում ներդրված ASYCUDA համակարգի ընտրողականության մոդուլում նախատեսված է «Կապույտ ուղի» ընթացակարգը, որը ենթադրում է հսկողություն ավելի ուշ փուլերում՝ մաքսային աուդիտի միջոցով:

ASYCUDA համակարգը նախատեսում է ռիսկայնության 4 ուղիներ`

–          Կարմիր ուղի (Ֆիզիկական զննում),

–          Դեղին ուղի (Փաստաթղթային զննում)

–          Կանաչ ուղի (Առանց զննման),

–          Կապույտ ուղի (Հետբացթողումային աուդիտ (Post clearance audit):

Ընդ որում, Սյուզաննա Սողոմոնյանը նշում է, որ նշված բարեփոխումը համալիր իրականացնելու նպատակով, զուգահեռ առաջարկվել են նաև այլ մեխանիզմներ, որոնք նույնպես տեղ են գտել հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրում։ Մասնավորապես, մինչև 2018 թվականի ավարտը նախատեսվում է մշակվել «Ռիսկերի գնահատման չափանիշների մեթոդաբանությունը սահմանելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի 2011 թվականի հունիսի 30-ի հրամանում փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտի նախագիծ, որը կսահմանի մաքսային հսկողության «Կապույտ ուղի» ընթացակարգի ընտրողականության մեթոդաբանությունը:

Բացի այդ, սահմանվելու են նաև հսկողության լրացուցիչ երաշխիքներ՝ «Կանաչ ուղի» կամ «Դեղին ուղի» ընթացակարգից՝ «Կարմիր ուղի» սահմանելու դեպքում: «Այսինքն, ընտրության ռիսկերի ցուցիչների չհրապարակումը որոշ դեպքերում ռիսկային է և կարող է հայեցողությունների և չարաշահումների հնարավորություն ընձեռնել իրավասու անձանց, երբ ավտոմատ համակարգի կողմից «Կանաչ ուղի» կամ «Դեղին ուղի» սահմանվելու դեպքում, մաքսային ծառայողը իրավունք ունի որոշում ընդունել` «Կարմիր ուղի» սահմանելու վերաբերյալ: Բացի այդ, առկա է պատշաճ հսկողության պակաս հայեցողությունների և չարաշահումների կանխարգելման նկատմամբ, այդ թվում՝ «Կանաչ ուղի» կամ «Դեղին ուղի» ընթացակարգի ընտրությունից հետո մաքսային մարմնի որոշման հիման վրա «Կարմիր ուղի» սահմանելու գործընթացի նկատմամբ: Այս ուղղությամբ, ես առաջարկել եմ ստեղծել հսկողության լրացուցիչ երաշխիքներ՝ հայեցողությունների և չարաշահումների կանխարգելման նպատակով, այդ թվում՝ մշակել իրավական ակտի նախագիծ, նախատեսելով՝ «Կանաչ ուղի» կամ «Դեղին ուղի» ընթացակարգից՝ «Կարմիր ուղի» սահմանելու դեպքում՝ այդ մասին տնտեսավարող սուբյեկտին գրավոր պատճառաբանված որոշման տրամադրումը»։ Փորձագետի կարծիքով, մաքսային հսկողության «Կապույտ ուղի» ընթացակարգի ներդրումը և սրա հետ փոխկապակցված փոփոխությունների իրականացումը բիզնեսի համար բարենպաստ միջավայր կստեղծի և կնվազեցնի այս ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել