Պետք է հետևողականորեն արմատախիլ անել գողական, քրեածին մտածելակերպի մնացուկները. կառավարության ծրագիր

Այսօր՝ հունիսի 1-ին, կառավարությունը կհաստատի կառավարության ծրագիրը, որի դրույթներից մեկը վերաբերում է ներքին անվտանգությանը:

Ծրագրի համաձայն՝ ներքին անվտանգության ապահովման գործում կարևորագույն հայեցակարգային խնդիրը քաղաքացի-իրավապահ մարմիններ համագործակցության նոր մշակույթի ձևավորումն է։

Կառավարությունը առաջարկում է լուծել հետևյալ խնդիրները․

  • բարձրացնել իրավապահ համակարգի՝ Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի վստահելիության մակարդակը՝ այս համակարգերում կոռուպցիայի բացառման, քաղաքացիների հետ նրանց հարաբերվելու մշակույթի բարձրացման, ինչպես նաև քաղաքացիներին տուգանելու և հետապնդելու նպատակադրման բացառման միջոցով,
  • հանրության և հատկապես երիտասարդության շրջանակներից հետևողականորեն արմատախիլ անել այսպես կոչված գողական, քրեածին մտածելակերպի մնացուկները․ կառավարությունը հստակ խնդիր է առաջադրում, որ ոչ հրապարակային, այսպես ասած ստվերային հանրային կյանքում գերիշխող տեսակը պետք է լինի ոչ թե քրեածին տարրը, այլ օրինապաշտ, ինտելեկտուալ, ուրիշների նկատմամբ հարգալից վերաբերմունք ունեցող, սեփական և ուրիշների իրավունքները իմացող և հարգող Քաղաքացին, ով ճանաչում է հանրային անվտանգության ապահովման հարցում իր պարտականությունները և պատրաստ է համագործակցել իրավապահ մարմինների հետ։

«Հանրային անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունի բռնությունից զերծ հանրության հայեցակարգը։ Կառավարությունը մտադիր է միջոցներ ձեռնարկել ընտանեկան, քաղաքական, տնտեսական, հանրային հարցերում բռնության բացառման շուրջ հանրային համաձայնության հասնելու ուղղությամբ։

Սա այն ճանապարհն է, որը հնարավորություն կտա հասնել ներքին անվտանգության և հանրային համերաշխության անհամեմատ ավելի բարձր աստիճանի եւ թույլ կտա քաղաքական գործունեության հետ առնչվող գործերով բանտերում հայտնված գործիչներին ազատ արձակել եւ հասնել հանրային համերաշխության առավել բարձր մակարդակի։

Այս համաձայնությունը, սակայն չի կարող մեկնաբանվել որպես հանրային և ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում իրավապահ մարմինների կողմից ուժի կիրառման բացառում։

Ներքին անվտանգության ապահովման իմաստով կառավարությունը կարևորում է նաև իրավապահ մարմինների աշխատանքի նկատմամբ հանրային վերահսկողությունը։ Այս իմաստով հարկավոր է միջնաժամկետ հեռանկարում քննարկել ՀՀ ոստիկանության կարգավիճակի փոփոխության հարցը, նրա գործունեությունը ավելի լայն հանրային և խորհրդարանական վերահսկողության տակ դնելու համար»,-նշված է ծրագրոում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել