Ցմահ ազատազրկում կիրառե՞լ, թե՝ ոչ. կորոշի դատարանը

1990-ականներին հայտնի պետական գործիչ, ներքին գործերի նախարարի ու Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած և 1998 թվականից մինչ օրս միջազգային հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանն արդյո՞ք կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե հանձնվի ՀՀ իրավապահներին:

Հիշեցնենք, որ նրան մեղադրանքներ են առաջադրված եղել պաշտոնեական դիրքի չարաշահման, պետական միջոցների յուրացման համար:

1961 թվականի խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-րդ հոդվածի համաձայն` անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե հանցագործությունը կատարելու ժամանակից անցել է տասնհինգ տարի և վաղեմությունն ընդհատված չի եղել նոր հանցագործության կատարմամբ:

Ընդ որում, նույն հոդվածը սահմանում է նաև, որ վաղեմության կիրառման հարցն այն անձի նկատմամբ, որն այնպիսի հանցագործություն է կատարել, որի համար ըստ օրենքի կարող է մահապատիժ նշանակվել, լուծում է դատարանը: Եթե դատարանը հնարավոր չի գտնում վաղեմության կիրառել, ապա մահապատիժ չի կարող նշանակվել, և այն փոխարինվում է ազատազրկմամբ:

Վանո Սիրադեղյանին, ի թիվս այլոց, մեղադրանք է առաջադրված եղել նաև 17-99 հոդվածի 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերով։ Այդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դրանով նախատեսված սանկցիան ընդգրկում է նաև մահապատիժ, որի պարագայում ենթակա է կիրառման ՀՀ քրեական օրենսգրքի 44-րդ հոդվածով նախատեսված կանոնն այն մասին, որ այդ դեպքում վաղեմության ժամկետի կիրառման հարցը լուծվում է դատարանի հայեցողությամբ և անձն օրենքով սահմանված ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ավտոմատ չի ազատվում։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ նախկին օրենսդրական կարգավորումները ենթակա են համապատասխանեցման նոր կարգավորումներին, ուստի անհրաժեշտ է նաև ներկայացնել նոր քրեական օրենսգրքով վաղեմության ժամկետի հաշվարկման հատուկ կանոնները։

Այսպես, նախկին խմբագրությամբ 99-րդ հոդվածին համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասը, որի սանկցիան նախատեսում է ցմահ ազատազրկում։ Այդ դեպքում, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի` վաղեմության ժամկետի կիրառման հարցն այն անձի նկատմամբ, ով ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել, լուծում է դատարանը: Եթե դատարանը հնարավոր չի գտնում վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձին ազատել քրեական պատասխանատվությունից, ապա ցմահ ազատազրկում չի կիրառվում:

Այսինքն, նախկին քրեական օրենսգրքի կարգավորումները նոր քրեական օրենսգրքի կարգավորումների հետ համադրելու պարագայում ևս ստացվում է, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը լուծում է բացառապես դատարանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել