Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ՔՀԿ ինկուբատորների հետ տարբեր խնդիրներ հատկորոշվեցին

Այսօր՝ մայիսի 25-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների Երևանի ինկուբատորների մասնակից ՔՀԿ-ների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանի և նախարարության մի քանի ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ:

Ծրագրի մենթորների խմբի համակարգող, արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանը ներկայացրեց ծրագիրը և նախարարության հետ ակնկալվող համագործակցության տարբերակները։

«Այս ինկուբատորի շրջանակում ենթադրամաշնորհներ են տրամադրվելու։ Շատ հնարավոր է, որ որոշ կազմակերպություններ սոցիալական ոլորտը նախընտրեն, որպես ծրագիր, ինչը պետք է իրականացնեն և այդ առումով համագործակցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարբեր վարչությունների հետ»,- նշեց Մարատ Ատովմյանը։ Նա նաև կարևորեց հանդիպումը, որը հնարավորություն կտա համագործակցության եզրեր գտնել տարբեր ոլորտներում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը ողջունեց ծրագիրը՝ նշելով, որ նախարարությունը տարբեր ծրագրեր է իրականացնում ՀԿ-ների հետ և աջակցություն է տրամադրում հստակ հաշվետվություններ ու մոնիթորինգների իրականացման հարցում։

«Կան դրամաշնորհներ, ծախսվում են, սրանք պետք է օգտակար լինեն, ոչ միայն երկխոսություն զարգանա, խնդիրներ հայտնաբերվեն, այլ նաև դրամաշնորհների ծրագրերը պետք է ինքնանպատակ չլինեն, բխեն նաև մեր կարիքներից, դաշտ մտնելուց առաջ համագործակցեն մեզ հետ»,- նշեց փոխնախարար Սոնա Հարությունյանը։

Նրա խոսքով,  Հայաստանում սոցիալական խնդիրները շատ են, իսկ մարզերում՝ առավել ևս։ Ոլորտում առկա խնդիրներից մեկը մինչև 5 տարեկան երեխաների թերսնուցումն է, ինչի համար Սոնա Հարությունյանը նշեց, որ հնարավորության դեպքում լավ կլիներ, եթե սա թիրախային խնդիր համարվեր ու ծրագիր իրականացվեր։ «Միավորված ազգերի կազմակերպության ծրագիրը կրթության և գիտության նախարարության հետ իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը հատկապես թիրախային խմբի երեխաների թերսնուցման հետ է կապված, բայց թերսնուցումը ավելի մեծ է մինչև 5 տարեկան երեխաների շրջանակում։ Մենք վերցնում ենք այդ ծրագիրը՝ 6-10 տարեկան երեխաների համար, իսկ մինչև այդ տարիքի աղքատ ընտանիքների երեխաները դուրս են մնում ծրագրից»,-ասաց փոխնախարարը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության աշխատակից Հայկ Մկրտչյանը նշեց, որ աջակցություն է հարկավոր հատկապես մարզերում տեղակայված աջակցության կենտրոններին բարելավման հետ կապված։

Քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները նաև ցանկություն հայտնեցին հասարակական կազմակերպությունների խորհրդի նիստ հրավիրել, նախքան կկազմվի և կներկայացվի կառավարության նոր ծրագիրը, որպեսզի իրենց առաջարկներով հանդես գան։ Փոխնախարարը ողջունեց առաջարկը՝ նշելով, որ ՀԿ-ների կողմից ստացված դիմումի դեպքում հնարավոր կլինի արտահերթ նիստ անցկացնել։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել