Մանե Թանդիլյանը՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

Աշխատանքի և սոցիլական հարցերի նախարար Մանե Թանդիրլյանը անդրադարձել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

«Հարգելի, սիրելի քաղաքացիներ, ժողովուրդ ջան

Նորից՝ կուտակայինի մասին, մի քանի կարևոր բան մինչև այդ մասին պաշտոնապես հայտարարություն անելը։

Նախ, ձեր տեղեկատվության համար, ասեմ, որ բոլոր այն պրոբլեմներից, որոնք առկա են իմ ղեկավարած նախարարության ոլորտում և ծառացած են իմ առջև, հավատացնում եմ ձեզ, կուտակայինը ամենահեշտ լուծելին է ինձ համար, որպես քաղաքական գործիչ ով դեմ է պարտադիր համակարգին։ Այստեղ հատուկ ուշադրությունն եմ ուզում գրավել իմ շատ սիրելի այն լրագրողների, ովքեր իմ տպավորությամբ շփոթել են, որ կուտակային համակարգը ունի կամավոր և պարտադիր բաղադրիչ, և համարել, որ կուտակային համակարգը պետք է Հայաստանին, ամենևին չի նշանակում կողմ լինել պարտադիրին։ Կարելի է, իհարկե, մեկնաբանել և անել ենթադրություններ, բայց լավ կլինի դա չվերագրել ինձ։
Ի՞նչու այդ դեպքում հստակ հայտարարություններ չանել, որը տեղիք չի տա ենթադրությունների։ Շատ պարզ պատճառով, հարգելի քաղաքացիներ, որովհետև իմ արտահայտած յուրաքանչյուր միտք այլևս գործադիր մարմնի դիրքորոշում է, կառավարության մոտեցում է, որտեղ աշխատում եմ ոչ միայն ես։ Ավելին, սա ազատության ավելի մեծ տարածք ունեցող պատգամավորի կամ տեսակետ ունեցող ակտիվ քաղաքացու կարծիք չէ, որը, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, չունի այն գինը և ազդեցության աստիճանը, ինչը որ ունի գործադիր մարմնի անդամի արած հայտարարությունը։ Միգուցե ես ավելի պատասխանատու եմ վերաբերվում, քան պետք է, բայց այո, ես պատասխանատվության բարձր զգացում ունեմ, անգամ եթե դրա արդյունքում անհիմն թիրախավորվեմ, ես այդ գինը կվճարեմ:

Հիմա՝ ըստ էության։
Նախ՝ նորից, մեր պետության շահը ինձ համար գերակա է։ Եվ եթե մեկը մտածում էր, որ իմ անձնական շահը կարող է վերադաս լինել, նրան հիասթափություն է սպասվում։ Հուսով եմ, սա վերջնականապես պարզ դարձավ։
Երկրորդ՝ կուտակային համակարգ պետք է՞ Հայաստանին։ Այո։ Որովհետև մարդը պետք է ունենա ընտրության հնարավորություն՝ ինքն ուզում է ինքն իրեն ապահովի այսօր իր իսկ միջոցներով թե՞ ոչ։ Պետությունը պետք է ապահովի այդ հնարավորությունը։
Երրորդ՝ մեր կառավարությունը, ով էլ լինի, կառավարություն է նաև մոտ 200,000 վարձու աշխատողի, ովքեր այսօր պարտադիր կուտակայինի մասնակից են (անկախ հանգամանքներից), որոնց գումարները շրջանառվում են և գտնվում պետության պատասխանատվության ներքո։ Սա զուտ տեղեկություն՝ իմանալու, ինչու չէ, նաև մտորելու։
Չորրորդ՝ այսօրվա գործող օրենքի որոշ դրույթներ էապես տարբերվում են այն օրենքից, որը ուժի մեջ պետք է մտներ 2014 հունվարից։ Բավարար է՞ Իմ կարծիքով ոչ։
Հինգերորդ՝ օրենքի որևէ հնարավոր փոփոխություն դեռ պետք է ընդունվի Կառավարության և ապա՝ Ազգային Ժողովի, կողմից։ Զուտ՝ ի գիտություն։

Այսպիսով, այո, կուտակայինի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը մոտենում է։ Հետևաբար, պետք է ժամանակ այնպիսի լուծում գտնելու համար, որը հնարավորություն կտա ներդնել այնպիսի համակարգ, որը ընդունելի, հասկանալի և ցանկալի կլինի լայն հանրության համար։ Հենց այդ ուղղությամբ են այսօր տարվում աշխատանքներ։

Նորից՝ այս հարցի վերաբերյալ արտահայտած ամեն միտք ու բառ գին ունի։ Ու դա է պատճառը, որ ձեր թույլտվությամբ, զերծ մնամ ժամեր տևող քննարկումների մանրամասներից, որոնց արդյունքը շուտով պաշտոնապես կհրապարակենք։

Ամենայն հարգանքով և միշտ բաց յուրաքանչյուր խնդիր լուծող առաջարկի համար՝
Մանե Թանդիլյան

PS. Քանի որ նկատում եմ, որ շատերը գրում են բաներ, որոնք կուտակայինի հետ կապ չունեն, բայց ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում նորից որոշակի իրազեկում ապահովել կուտակայինի մասին, այստեղ կտեղադրեմ բազմաթիվ փոստերից մեկը, որ ինձ ուղարկում են հարցով մտահոգ բազմաթիվ քաղաքացիներ։ Այստեղ կարող եք ծանոթանալ որոշ տեղեկատվության կուտակայինի մասին ֆինանսական ոլորտում բավականին կշիռ ունեցող մարդկանց կողմից և, ինչու ոչ, ծանոթանալ այլ կարծիքի, եթե դա ձեզ որևէ պատճառով հետաքրքրում է։ Նաև ներող կլինեք, որ չեմ կարողանալու արձագանքել թագերին ու քոմենթներին, հուսով, բոլորիդ համար ակնհայտ հասկանալի պատճառներով»,-նշել է նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել