Հնարավոր չէ զինված ապստամբություն բարձրացնել և բացառել որևէ մեկի զոհ գնալը. Վարուժան Ավետիսյան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներից մեկը՝ Վարուժան Ավետիսյանը, հայտարարեց, որ  հեղափոխությունը և իշխանությունը դեռ չեն ավարտվել և ժողովրդին հանգստացնելու բոլոր կոչերը, եթե դիտավորյալ չեն արվում, ապա անհեռատեսություն են:

«Ժողովուրդը պետք է շարունակի ընթացքը ոչ միայն իշխանափոխությունը, այլ նաև հեղափոխությունը ավարտին հասցնելու համար: Ցանկացած առողջ հասարակության և պետության մեջ ընդվզման իրավունքը ամենաանհրաժեշտ պայմանն է: Երբ խախտվում է հաշվեկշիռը, բնականաբար առաջանում է ապստամբության իրավունքը իրացնելու կեսական անհրաժեշտություն: Ապստամբության իրավունքի իրավաչափությունը կարող է դիտարկվել միայն դրա սահմանազանցման հետ, այդ իրավունքի իրացման գործողությունների համադրմամբ: Զինված ապստամբությունը սկսվելու պահից արդեն ռազմական գործողություն է և դրա իրավաչափությունը պետք է դիտարկվի ռազմական գործողությունների, զինված հակամարտությունների շրջանակում: Եթե ապստամբները չեն կատարում որևէ ռազմական, պատերազմական հանցագործություն, օրինակ՝ գերիների հետ վատ վարվել, ստորացնել, սոված պահել, սպանել, և այլն, ապա ապստամբները մնում են ապստամբական իրավունքի տրամաբանության և բովանդակության մեջ և անպարտ են՝ օրենքի և դատարանի առաջ»,- նշեց նա:

Վարուժան Ավետիսյանը նաև անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը. «Ինչպես և բոլոր ՀԿ-ների, ասեմ ինձ համար կա երկու խնդիր. քաղաքականության հետ առնչվող խնդիրներ, որտեղ չունենք զոհեր, ու որտեղ ունենք զոհեր։ Վերջինի դեպքում խոսքը «Սասնա ծռերի» մասին է։ Օրենքով սահմանված կարգով պետք է լուծենք նրանց ազատ արձակման հարցը, օրինակ համաներմամբ։ Պետք է հասկանանք օրինական ճանապարհով ինչ կարող ենք անել, որ այդ հարցը լուծենք։ Հուսով եմ ՀՀ ոչ մի քաղաքացի չի ակնկալում, որ պետք է մտնեմ բանտեր ու ասեմ` տղերք, դուրս եկեք։ «Սասնա ծռերի» խնդրի վերաբերյալ պետք է հանրային քննարկում ունենանք, տարբեր ֆորմատներով, պետք է լսենք նաև սպանվածների հարազատներին։ Չեմ խոսում մի այնպիսի տարբերակի մասին, որ ասեմ` չէ, եկեք չլուծենք այս հարցը։ Պետք է հասկանանք` ինչ ճանապարհներ կան լուծելու։ Այս հարցն իմ մտահոգությունների շրջանակում է, խնդիրը պետք է լուծվի բացառապես իրավական դաշտում։ Պետք է ըմբռնումով մոտենանք այս հարցին, որոշ ժամանակի ընթացքում։ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չպետք է լինեն, այլ կարծիք լինել չի կարող, դա իմ քաղաքական դիրքորոշումն է»,- նշել է նա։

«Կեղծ համերաշխության լոզունգներով ներկայացվող բոլոր այն տեսակետերը, թե՝ գիտեք ինչ, այնուամենայնիվ զոհեր կան, մարդիկ են մահացել, պետք է ոմանց մասով նկատի ունենանք այդ հանգամանքը և այլն, և այլն: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, այդ բոլոր արտահայտություններն ու կարծիքները ակնհայտորեն հակասում են ինքնապաշտպանության, ապստամբության իրավունքին: Սրանք ձևեր են ժողովրդի ընդվզման, հեղափոխության շարունակությունը կասեցնելու, համապատասխան ուղղությամբ տանելու և համապատասխան շահաբաժիններ վաստակելու նպատակով: Եթե կան մոլորյալներ, ապա այդ մասով հասկանալի և հարգելի է, բայց դա էլ չպիտի լինի: Այն ազգը, որը մերժում է ապստամբությունը և ուրանում է ապստամբներին, ցավոք սրտի, դատապարտված է ցեղասպանության, պետականազրկման և հայրենազրկման»,-նշեց Վարուժան Ավետիսյանը:

Նրա խոսքով, հնարավոր չէ զինված ապստամբություն բարձրացնել և բացառել զոհեր ունենալու հանգամանքը:

«Ցավալի օրինակ է և կարող է էթիկայի տեսակետից սուր ընկալվել, քանի որ մարդու կյանքի մասին է խոսքը, բայց չմոռանաք, որ ռեժիմին ծառայող ոստիկանությունը այդ ռեժիմի զինված պահակն է: Եվ եթե անհրաժեշտ է ջարդել ռեժիմի դիմադրությունը, ապա պետք է չեզոքացվի այդ զինված պահակի դիմադրությունը: Կարող են զոհեր լինել ինչպես ապստամբների, այնպես էլ զինված պահակի շրջանում»:

Նա նշել է, որ բոլոր վերոնշյալ գործողությունները տեղավորվում են ապստամբության իրավունքի մեջ:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել