ԱԺ նոր պատգամավոր Ալեն Սիմոնյանի կենսագրությունը

Այսօր՝ մայիսի 16-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` Ազգային ժողովի «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի թիվ 4 տարածքային ընտրական ցուցակներից ընտրված և լիազորությունները դադարած պատգամավոր, ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանդատը նույն տարածքային ընտրական ցուցակների առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ալեն Սիմոնյանին տալու վերաբերյալ:

Իրավաբան․net-ը ձեզ է ներկայացնում ԱԺ նոր պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի կենսագրությունը։

Ալեն Սիմոնյանը ծնվել է 1980թ. հունվարի 5-ին Երևանում:

1986-1996թթ. սովորել է Երևանի Դերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում:
1995-1996թթ. եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՈւՀԱ թիմի կազմում և դարձել «Շարմ» ընկերության կողմից կազմակերպած հայաստանյան լիգայի չեմպիոն:
1996-2000թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:
2000-2002թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար:
2003-2004թթ. աշխատել է «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. հիմնել և հանդիսացել է Հայաստանում առաջին «Սիցիլիա» բաց մաֆիա ակումբի սեփականատեր: Վարել է «Ֆելիչիտա» և «Չի կարող պատահել» ռադիո նախագծերը «Սիթի FM» կայանում:
2008թ. մասնակցել է European Education & Research Center-ի կողմից կազմակերպած PR and Political Technologies դասընթացներին:
2007-2012թթ. որպես տնօրեն, դերասան, հաղորդավար՝ համագործակցել է «Արմենիա», «TV5», «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների հետ, զբաղվել երաժշտական պրոդյուսերությամբ: Որպես պրոդյուսեր՝ նկարահանել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակներ: Հանդիսացել է «Ալա Բալա Նիցա» գեղարվեստական ֆիլմի գծային պրոդյուսերը:
2011թ.-ից հանդիսացել է «No comment» ներկայացման տնօրեն:
2011թ.-ից սկսել է զբաղվել հրապարակային հասարակական և քաղաքական գործունեությամբ։ Հանդես է եկել մի շարք հրապարակումներով: Նույն թվականին «Բարև Երևան» դաշինքի ցուցակով մասնակցել է քաղաքային ընտրություններին՝ որպես ավագանու թեկնածու:
2012թ.-ին եղել է «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր:
2013թ. ընդունվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրա:
2013թ. հանդիսացել է տրանսպորտի թանկացման դեմ ուղղված Car free քաղաքացիական ակցիայի կազմակերպիչ:
2013թ.-ից հանդիսանում է իր իսկ կողմից հիմնած Ararat Media Group ՍՊԸ-ի գլխավոր խմբագիրը, որն իր մեջ միավորել է araratnews.am կայքը և «Արարատ» ամսագիրը:
2013-2015թթ. սովորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի քաղաքագիտության ֆակուլտետում:
2013թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորի կառավարման խորհրդի անդամ է։
2015թ. մայիսի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչություն անդամ:
2015թ. հունիսի 17-ին ընտրվել է որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:
2016թ. հոկտեմբերի 30-ին կրկին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել