Քննարկվել և ամփոփվել են կրթության և սոցիալական ոլորտներում հատկորոշած խնդիրները

Եվրամիության կողմից ֆինանսաորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր՝ մայիսի 10-ին, տեղի է ունեցել «Կրթության և սոցիալական ոլորտներում հատկորոշած խնդիրների ներկայացում, քննարկում և առաջարկությունների ամփոփում. ծրագրի շրջանակներում այդ խնդիրների լուծմանը ուղղված գործողությունների ներկայացում» խորագրով քննարկում։

Միջոցառմանը մասնակցում էին կրթության և սոցիալական ոլորտների պետական մարմինների և քաղաքացիական հասարակության 47 ներկայացուցիչներ ու փորձագետներ:

Քննարկումներ եղան միջին մասնագիտական կրթության և ուսուցման ու աշխատաշուկայի միջև կապի բարելավման անհրաժեշտության` ներառյալ դրան ուղղված նոր ռազմավարական մոտեցման մշակման, ինչպես նաև դպրոցներում կարիերային առնչվող խորհրդատվության համակարգի բարելավման,  մշտադիտարկման և ջատագովության անհրաժեշտության մասին։

Ներկայացվեցին նաև «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում սոցիալական ոլորտում հատկորոշած խնդիրները, որոնք են՝

  • Հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման մշտադիտարկման միջոցով առանցքային խնդիրների գնահատման, հանրային քաղաքականությունների մշակման և (կամ) բարելավման, ինչպես նաև բարեփոխումների իրականացման ջատագովության անհրաժեշտությունը,
  • Համայնքներում տեղակայված աջակցության կենտրոնների ներդրման բարելավման, մշտադիտարկման և ջատագովության իրականացման անհրաժեշտությունը:

Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ Արմենուհի Ավագյանը  կարևորեց նմանատիպ հանդիպումների շնորհիվ մի շարք խնդիրների վերհանումը։

«Որպես կանոն, մեզ մոտ խնդիրների մասին ավելի քիչ են խոսում, մանավանդ՝ ներառական կրթության հետ կապված, ավելի շատ ձեռքբերումների մասին ենք խոսել, բայց խոչընդոտներն ու խնդիրները կմնան այնքան ժամանակ, քանի դեռ դրանց մասին չենք բարձրաձայնել և դրանք չենք վերհանել, չենք քննարկել դրանց լուծումներ փնտրելը»,-նշեց նա։

Արմենուհի  Ավագյանի խոսքով, քննարկման արդյուքնում կարելի էր առանձնացնել հատկապես մանկավարժների խնդիրները, բազմամասնագիտական թիմերի խնդիրները, վերապատրաստումները,  երեխաների ուսուցման առանձնահատուկ  պայմանի կարիքի գնահատման խնդիրները, ինչպես նաև սոցիալական ներառման հիմնախնդիրը։ «Մեր երկրում, ցավոք սրտի, դեռ չի գործում մի տարիքային խմբից մյուս կամ հիմնական դպրոցից ավագ դպրոց փոխադրվելու, ավագից ինքնուրույն կյանքի հմտությունների ձևավորման և սոցիալական ներառմանը նպաստելու ծրագրեր և այսպես կոչված՝ անհատական անցումային պլաններ։ Երբեք չեմ եղել այնպիսի քննարկման, որ նման հարցերի անդրադարձ կատարվեր»,-ասաց Արմենուհի  Ավագյանը։

Ներառական կրթության փորձագետ Տիգրան Ճորոխյանը նշեց, որ քննարկումների արդյունքում ոչ միայն ուղղակի խնդիրներ են վերհանվել, այլև դրանց մշտադիտարկման միջոցով հանրային քաղաքականությունների վրա ազդեցություն ունենալու նպատակով քննարկվել է, թե ինչպես կարող են քաղհասարակության ներկայացուցիչները կամ ոլորտում առկա այլ դերակատարները կառավարության հետ որպես հավասարը հավասարի լինել և մասնակցել հանրային քաղաքականությունների պրոցեսին։ «Քաղաքականությունների մշակումը պետք է լինի իրականության վրա հիմնված, և այդ պատճառով, մենք այսօր քննարկեցինք, թե ինչպիսի մշտադիտարկամն մոտեցումներ և մեթոդաբանություն պետք է կիրառի քաղաքացիական հասարակությունը, որպեսզի կարողանա տվյլաների միասնական համակարգեր ձևավորել, ինչպես են պահվելու այդ տվյալները, ովքեր են պահելու, հետո ով պետք է դրանք վերլուծի, մշակի և դրանք ներառի հանրային քաղաքականության պրոցեսին։ Սա գործընթաց է, որ պետք է իրականացնեն քաղաքացիական հասարակությունը և կառավարությունը»,-ասաց Տիգրան Ճորոխյանը։

Հիշեցնենք, որ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը՝ ղեկավար կազմակերպությունը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ հանդիսացող իր գործընկերների՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրըլ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը նպատակ ունի՝ ամրապնդելու քաղաքացիական հասարակության ձայնը և երկխոսությունը կառավարության հետ:

Ալիսա Չիլինգարյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել