CESI S.P.A. ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն կտրվի

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմը և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն նախագիծ են ներկայացրել, որը կառավարությունը կքննարկի վաղը՝ մայիսի 3-ին կայանալիք կառավարության  նիստի ժամանակ։

Նախագծի մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի  միջև 2015թ.-ի ապրիլի 8-ին ստորագրված վարկային համաձայնագրով (այսուհետ` համաձայնագիր) նախատեսված` Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում վարկային ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում իրականացված միջազգային մրցույթի արդյունքում 2017թ.-ի հունիսի 30-ին CESI S.P.A. (Իտալիա) և INCICO S.P.A. (Իտալիա) (ենթախորհրդատու` Ameria CJSC (Հայաստան) համատեղ ձեռնարկության (այսուհետ` համատեղ ձեռնարկություն) հետ կնքվել է Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի վերակառուցման ծրագրի իրականացման աջակցության և տեխնիկական վերահսկողության խորհրդատուի պայմանագիր (այսուհետ` պայմանագիր):

Պայմանագրի համաձայն համատեղ ձեռնարկությունը պարտավորվել է ծրագրի կապալառուի կողմից իրականացվող ենթակայանի վերակառուցման աշխատանքների ընթացքում իրականացնել շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն, իսկ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) համաձայն շինարարության որակի տեխնիկական հսկողությունը լիցենզավորման ենթակա գործունեություն է և օրենքի 7-րդ հոդվածի 6.1.-րդ մասի համաձայն` օտարերկրյա իրավաբանական անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կարող են իրականացնել օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեություն օտարերկրյա պետությունների տված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

Համատեղ ձեռնարկությունը տեխնիկական հսկողությունը նախատեսում է իրականացնել համատեղ ձեռնարկության անդամ՝ իտալական CESI S.P.A. ընկերության ինժեների և համատեղ ձեռնարկության ենթախորհրդատու Հայաստանում ռեզիդենտ հանդիսացող Ameria ընկերության միջոցով: Ameria ընկերությանն օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատված է իրականացնել շինարարության որակի տեխնիկական հսկողություն:
Ինչ վերաբերում է CESI S.P.A. ընկերության լիցենզավորմանը, ապա ընկերության պարզաբանման համաձայն (կցվում է) իտալական նորմերն ընկերությունների համար չեն նախատեսում այդպիսի լիցենզիա, սակայն այդպիսի լիցենզիա պետք է ձեռք բերեն անհատ ինժեներները, որոնք վարձվել են համապատասխան ընկերությունների կողմից: Հաշվի առնելով պարզաբանումը, CESI S.P.A. ընկերության կողմից ներկայացվել է տեխնիկական հսկողության ինժեների լիցենզիան (կցվում է):

CESI S.P.A. ընկերությունը հարուստ փորձ ունի տարբեր երկրներում էներգետիկ ոլորտի ծրագրեր իրականացնելու գործում, իսկ ընկերության կողմից միջազգային մրցույթում ներկայացված՝  շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ինժեների տվյալները հաշվի են առնվել ընկերության որակավորման և դրա արդյունքում ընկերության հետ պայմանագրի կնքման հարցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել