Ազգային ժողովը մայիսի 2-ին կքննարկի «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» օրենքը

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» օրենքում նոր փոփոխություններ կարվեն: Հացը ընդգրկված է Ազգային ժողովի մայիսի 2-ի նիստի օրակարգում:

Նշենք, որ օրենքը կարգավորում է բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկման, շրջանառության, մարման, թողարկողի գործունեության իրականացման նկատմամբ վերահսկողության, ապահովման միջոցների զամբյուղի նկատմամբ մոնիթորինգի, հիփոթեքային կառավարչի նշանակման և նրա գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ապահովված հիփոթեքային պարտատոմսերի հետ կապված այլ հարաբերություններ:

1. Հիփոթեքային պարտատոմսերը պետք է ապահովված լինեն հիփոթեքային վարկերի, իսկ կենտրոնացված թողարկման դեպքում՝ հիփոթեքային վարկերի և ապահովված վերաֆինանսավորման վարկերի գրավով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի:

Մինչև հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների ամբողջությամբ կատարումը հիփոթեքային վարկերի և ապահովված վերաֆինանսավորման վարկերի՝ դուրսգրման կամ վաղաժամկետ մարման դեպքում թողարկողը իրավունք ունի դրանք փոխարինել փոխարինող ակտիվներով ՝ պայմանով, որ փոխարինող ակտիվները չեն գերազանցի ապահովման միջոց հանդիսացող բոլոր հիփոթեքային վարկերի և ապահովված վերաֆինանսավորման վարկերի անվանական արժեքի 10 տոկոսը:

Տոկոսային հարաբերակցությունը կարող է բարձրացնել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և չափով:

Հիփոթեքային վարկերը կարող են հանդիսանալ ապահովման միջոց, միայն եթե համապատասխանում են հետևյալ պահանջներին`

1) հիփոթեքի առարկա հանդիսացող անշարժ գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ հիփոթեքի առարկան Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հողամասի կառուցապատման իրավունք է.

2) հիփոթեքը առաջնային գրավ է.

3) ապահովման միջոցների զամբյուղում ներառելու պահին հիփոթեքային վարկի` ապահովման միջոցների զամբյուղում ներառված գումարը չի գերազանցում այդ վարկի ապահովման միջոց հանդիսացող` գրավադրված անշարժ գույքի՝ մինչև զամբյուղում ներառելը  գնահատված շուկայական արժեքի 70 տոկոսը:  Եթե ապահովված պարտատոմսերի զամբյուղում գրանցված հիփոթեքային վարկի գումարը հետագայում գերազանցում է ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի (անշարժ գույքի) շուկայական արժեքի 85 տոկոսը, ապա թողարկողը պարտավոր է  արժեքի 85 տոկոսը գերազանցող գումարի չափով տրամադրել լրացուցիչ ակտիվներ, ինչը կծառայի որպես լրացուցիչ գրավ, կամ համապատասխան իրավական հիմքերի առկայության դեպքում նվազեցնել ապահովման միջոցների զամբյուղում ներառված հիփոթեքային վարկի գումարը մինչև 85 տոկոսի: Լրացուցիչ ակտիվների տրամադրման դեպքում կանխիկ դրամական հոսքերը չեն հաշվեգրվում պարտատոմսեր ձեռքբերողների հաշիվներում՝ բացառությամբ թողարկողի անվճարունակության դեպքի: Սույն կետի կիրառման նպատակով, անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը պետք է որոշվի սույն օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին բավարարող գնահատողի կողմից կամ նույն հոդվածի 4-րդ մասում նշված ինդեքսների հիման վրա, ընդ որում` գնահատման հաշվետվությունը չի կարող ունենալ մեկ տարին գերազանցող վաղեմություն` ձեռնարկատիրական նպատակներով օգտագործվող անշարժ գույքի դեպքում, և` երեք տարին գերազանցող վաղեմություն` այլ անշարժ գույքի դեպքում:

4) Հիփոթեքային վարկի պայմանագրով նախատեսված է ստացված հիփոթեքային վարկի վաղաժամկետ մարման հնարավորություն` «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթներին համապատասխան:

Ապահովման միջոցների զամբյուղում հիփոթեքային վարկերի տեսակների տեսակարար կշիռների առավելագույն չափերը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ ակտով:

Կենտրոնացված թողարկողի պարագայում, ապահովված վերաֆինանսավորման վարկերը կարող են հանդիսանալ ապահովման միջոց միայն այն դեպքում, երբ ապահովված վերաֆինանսավորման վարկերով վերաֆինանսավորված հիփոթեքային վարկը համապատասխանում է  նշված պահանջներին:

Թողարկողը պարտավոր է սույն հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանող հիփոթեքային վարկերը և ապահովված վերաֆինանսավորման վարկերը փոխարինել սույն հոդվածի պահանջներին բավարարվող հիփոթեքային վարկերով, ապահովված վերաֆինանսավորման վարկերով կամ փոխարինող ակտիվներով և այդ մասին տեղեկացնել հսկողին: Սույն կետում նշված ակտիվների փոխարինումը պետք է կատարվի 30 օրվա ընթացքում սկսած այն օրվանից, երբ թողարկողին հայտնի է դարձել կամ պետք է հայտնի դառնար, որ փոխարինման ենթակա ակտիվները չեն համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին:

Հիփոթեքի առարկա հանդիսացող անշարժ գույքի գնահատումն իրականացվում է ՀՀ օրենսդրությանը համաձայն անշարժ գույքի գնահատման գործունեության   իրականացնելու իրավունք ունեցող, տվյալ ոլորտում առնվազն 2 տարվա գործունեություն իրականացնող և հիփոթեքային վարկի տրամադրման գործընթացում չընդգրկված և իր պատասխանատվության ռիսկի` առնվազն նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով ապահովագրություն ունեցող գնահատողի կողմից:

Այն դեպքում, երբ անշարժ գույքի գնահատումը հնարավոր է իրականացնել մեկից ավելի գնահատման մեթոդներով, հիմք պետք է ընդունվի տարբեր մեթոդների կիրառմամբ ստացված արժեքներից նվազագույնը:

Հիփոթեքային պարտատոմսերում ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտով  սահմանում է լրացուցիչ պահանջներ հիփոթեքի առարկա հանդիսացող անշարժ գույքի գնահատված այն արժեքի նկատմամբ, որը թույլատրվում է ներառել ապահովման միջոցների զամբյուղում:

Ապահովման միջոցների զամբյուղում ներառված հիփոթեքային վարկի ապահովման միջոց հանդիսացող անշարժ գույքի վերագնահատումը պետք է իրականացվի առնվազն յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ, իսկ ձեռնարկատիրական նպատակներով օգտագործվող անշարժ գույքի դեպքում` յուրաքանչյուր տարին մեկ անգամ: Անկախ սույն մասում նշված ժամկետներից, ապահովման միջոցների զամբյուղում ներառված հիփոթեքային վարկի առարկա հանդիսացող անշարժ գույքի վերագնահատումը պետք է իրականացվի, եթե անշարժ գույքի շուկայում տեղի է ունեցել գների էական անկում, կամ ակնկալվում է, որ այդպիսի անկում տեղի կունենա:

Գների անկումը համարվում է էական, եթե անշարժ գույքի արժեքն ավելի քան 10 տոկոսով նվազել է այդ անշարժ գույքի վերջին գնահատված շուկայական արժեքից: Անշարժ գույքի վերագնահատումը պետք է իրականցվի նշված պահանջներին բավարարող գնահատողի կողմից կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված մեթոդաբանությամբ կառուցված անշարժ գույքի գների ինդեքսի հիման վրա:

Հիփոթեքային պարտատոմսերի գծով չմարված պարտավորությունների գումարը պետք է ապահովված լինի համարժեք ապահովման միջոցներով` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված պահի դրությամբ, ընդ որում`

1) ապահովման միջոց հանդիսացող ակտիվների անվանական արժեքների գումարային մեծությունը պետք է առնվազն հավասար լինի հիփոթեքային պարտատոմսերի անվանական արժեքների գումարային մեծությանը.

2) ապահովման միջոց հանդիսացող ակտիվների դիմաց ստացվելիք գումարները պետք է առնվազն հավասար լինեն հիփոթեքային պարտատոմսերի դիմաց վճարվելիք գումարներին.

3) ապահովման միջոց հանդիսացող ակտիվների զուտ ներկա արժեքը պետք է առնվազն 1 տոկոսով գերազանցի հիփոթեքային պարտատոմսերի գծով բոլոր պարտավորությունների զուտ ներկա արժեքի գումարը:

2. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվների, ածանցյալ գործիքների եւ պարտավորությունների զուտ ներկա արժեքի հաշվարկման կարգը եւ մեթոդները:

Հիփոթեքային պարտատոմսերի թողարկման յուրաքանչյուր ծրագրի հիմքում պետք է դրված լինի ապահովման միջոցների առանձին զամբյուղ: Այդ զամբյուղում ներառված ապահովման միջոցները կարող են ուղղվել միայն տվյալ հիփոթեքային պարտատոմսի թողարկման ծրագրի շրջանակներում թողարկված հիփոթեքային պարտատոմսից ծագող պահանջների բավարարմանը`  այդ պահանջների ծավալին համամասնորեն:

Թողարկողները պարտավոր են յուրաքանչյուր արժույթով արտահայտված ակտիվների համար ունենալ (ստեղծել)  ապահովման միջոցների առանձին զամբյուղ և այդ զամբյուղի հիման վրա թողարկել միայն նույն արժույթով արտահայտված հիփոթեքային պարտատոմսեր:

Թողարկողին արգելվում է.

1) թողարկել հիփոթեքային պարտատոմսեր, եթե դրանք ապահովված չեն սույն օրենքով սահմանված ապահովման միջոցներով.

2) տնօրինել ապահովման միջոցների զամբյուղում ներառված ապահովման միջոցները, բացառությամբ ակտիվների փոխարինման՝ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Թողարկողը  պարտավոր է վարել ապահովման միջոցների զամբյուղում ներառված ակտիվներից ինչպես փաստացի ստացված, այնպես էլ` ակնկալվող դրամական հոսքերի ժամանակացույցը, որը, ի թիվս այլ տվյալների, պետք է ներառի տեղեկություններ վաղաժամկետ մարումների և կետանցված վճարումների մասին: Թողարկողը սույն կետում նշված ժամանակացույցը յուրաքանչյուր ամիս ներկայացնում է հսկողին` վերլուծություններ կատարելու նպատակով: Սույն կետով սահմանված ժամանակացույցում նշված դրամական հոսքերի մասին տեղեկությունները պետք է հնարավորություն ընձեռեն նույնականացնել այն ակտիվները, ներառյալ` հիփոթեքային վարկերը, փոխարինող ակտիվները և ածանցյալ գործիքները, որոնցից ստացվել են այդ դրամական հոսքերը:

Ակտիվների և պարտավորությունների գծով ակնկալվող դրամական հոսքերի ժամանակացույցերը պետք է ներառեն կանխատեսումներ` չնախատեսված վճարումների, մասնավորապես՝ վաղաժամկետ մարումների, և հիփոթեքային վարկերով, ածանցյալ գործիքներով ու թողարկված պարտատոմսերով  պարտավորությունների վաղաժամկետ կատարման մասով:

Մանրամանսերը՝ այստեղ:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել