Կառավարությունը աղբահանության վճարի դրույքաչափերի վերաբերյալ նոր նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով

Կառավարությունը Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով նոր նախագիծ է ներկայացրել՝ աղբահանության վճարի դրույքաչափերի վերաբերյալ: 

Բնակելի նպատակային նշանակության շենքերում և շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է.

1) ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական հիսունից մինչեւ չորս հարյուր ՀՀ դրամ, կամ

2) ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգից մինչեւ քսանհինգ ՀՀ դրամ:

Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և շինություններում, այդ թվում` հասարակական և արտադրական շենքերում և շինություններում աղբահանության վճարը սահմանվում է՝ ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.

1) առեւտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի եւ բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացվող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50-100 ՀՀ դրամ,

2) հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաեւ այլ  գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 20-50 ՀՀ դրամ,

3) արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 5-15 ՀՀ դրամ.

4) կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար 3-15 դրամ:

5) Շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված  տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է առավել բարձր դրույքաչափով:

Ոչ կենցաղային աղբի համար աղբահանության վճարը սահմանվում է`

1) ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3000 ՀՀ դրամ, կամ

2) ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10.000 ՀՀ դրամ.

Աղբահանության վճար սահմանելու համար կիրառվող մեթոդները և աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում են համայնքի ավագանու կողմից օրենքով սահմանված կարգով` սահմանված դրույքաչափերի սահմաններում:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել