Ավազակային հարձակում Վանաձորում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի պահակի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 15-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի մասնաշենքի մուտքի դուռը և մուտք գործել մասնաշենք: Այնուհետև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք որպես զենք օգտագործվող առարկայի՝ դանակի և ատրճանակի գործադրման սպառնալիքով, կպչուն ժապավենով և հեռախոսալարերով կապել են կազմակերպության գիշերային պահակի ձեռքերը և ոտքերը, ջարդել տարբեր աշխատասենյակների դռներ և տնօրենի աշխատասենյակից հափշտակել առկա գումարը:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ  Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվել է դեպքի վայրի զննություն, ՊՈԱԿ-ի պահակը ճանաչվել է տուժող, մշակվել է քննչական պլան: Դեպքի վայրից առգրավվել են ձեռնոցներ, դիմակ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ միջոցներ ձեռնարկել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ողությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել