«ԼեգալԼաբ»-ի իրավաբանները որոշել են ոլորտում աշխատանքային մշակույթ զարգացնել

«ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերության համահիմնադիրներ Ստեփան Խզրթյանն ու Նարեկ Աշուղաթոյանը կարծում են, որ մեր երկրում որքան շատ լինեն պատշաճ մասնագիտացում և պատասխանատվության զգացում ունեցող իրավաբանական և փաստաբանական ընկերությունները, այնքան` լավ:

Նրանց խոսքով` այն կարող է բերել քաղաքացիների իրավագիտակցության բարձրացմանը, որը հարատև պետականություն ունենալու համար պարտադիր պայման է:

 

Իրավաբան.net-ը շարունակում է ընթերցողին ծանոթացնել Հայաստանում գործող իրավաբանական ընկերություններին: «Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» շարքի երրորդ զրուցակիցները «ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերության համահիմնադիրներ Ստեփան Խզրթյանն ու Նարեկ Աշուղաթոյանն են:

Փաստ է…

Նարեկ Աշուղաթոյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում ստացել է ընդհանուր իրավունքի իրավաբանության մագիստրոսի կոչում: Աշխատել է «Առլեքս ինթերնեյշնլ» իրավաբանական գրասենյակում: Աշխատում է «Այբ» կրթական հիմնադրամում` իբրև իրավախորհրդատու:

Ստեփան Խզրթյանը Երևանի պետական համալսարանում ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան, Հայաստանի ամերիկյան համալսարանում` ընդհանուր իրավունքի իրավաբանության մագիստրոսի կոչում: 2011 թ-ին ավարտել է Քեմբրիջի համալսարանը` ստանալով Առևտրային իրավունքի իրավաբանության մագիստրոսի աստիճան: Աշխատել է միջազգային բիզնես իրավունքում մասնագիտացած «Առլեքս ինթերնեյշնլ» իրավաբանական գրասենյակում` կազմելով արտասահմանյան վարկատուների և տեղական բանկերի ու ընկերությունների միջև կնքվող խոշոր ֆինանսավորման պայմանագրեր:

 

-Տեղյակ եմ, որ գրասենյակի մասնագիտացումը հայրենադարձության հարցերն են: Կմանրամասնե˚ք, թե ինչ ծառայություններ եք մատուցում:

Ստեփան Խզրթյան: «ԼեգալԼաբ»-ն ընդհանուր առմամբ մատուցում է ծառայություններ քաղաքացիական իրավունքի ոլորտում, բայց նեղ մասնագիտացումներից մեկը հայրենադարձությանը վերաբերող իրավաբանական հարցերն են Այբ-ից մինչև Ֆե: Այսինքն` սկսած մուտքի արտոնագիր ստանալուց, ապա քաղաքացիություն, հաշվառում, գրանցում, բիզնես սկսել, ընկերություն հիմնադրել, աշխատանքային պայմանագիր կազմել, ուսումնասիրել և այլն: 

Նարեկ Աշուղաթոյան: Մյուս ուղղությունները մեր իրավաբանական գրասենյակում կորպորատիվ իրավունքի ոլորտն է, ինչպես նաև իրավական տարաբնույթ հետազոտությունների կատարումը: Մենք անում ենք բավականին ծավալուն իրավական հետազոտություններ, որոնք իրենց մեջ ներառում են և’ կորպորատիվ հարցերը, և’ այլ:

 

Սիրիայում այս պահին շարունակվող պատերազմանակ իրավիճակի պատճառով` Դուք անվճար իրավախորհրդատվություն եք տրամադրում սիրիահայերին: Որքա˚ն սիրահայ է դիմել և ի˚նչ խնդիրներով:

Նարեկ Աշուղաթոյան: Այս պահի դրությամբ 4 տասնյակի է հասնում մեզ դիմած սիրիահայերի թիվը: Դիմում են գույք ձեռք բերելու գործընթացների, անձնագրերի հետ կապված, հետաքրքրվում են` կացության քարտ ձեռք բերելն է ավելի էժան, թե˚ անձնագիրը կամ ինչպես ստանալ վարորդական վկայական: Այսինքն` մարդիկ գալիս են մի երկրի, որտեղ կենցաղում իրավական որոշակի բարդությունների առաջ են կանգում: Երբեմն դրանք չենք անվանի բարդություն` պարզապես մարդիկ չգիտեն. այստեղ ուրիշ համակարգ է, իսկ իրենք սովոր են իրենց երկրի իրավահամակարգին: Ուղղակի պետք է մարդկանց ուղղորդել, թե որտե˚ղ գնան, ի˚նչ դուռ ծեծեն, ո˚րն է գործընթացի հաջորդականությունը: Մենք այդ գործը սիրով շարունակում ենք անել անվճար:

Ստեփան Խզրթյան: «ԼեգալԼաբ»-ի հիմնադրումից մեկ շաբաթ անց մենք ստանձնել ենք այդ գործը: Ամեն ինչ շատ սահուն է ընթանում: Մենք պատրաստ ենք անվճար իրավախորհրդատվություն տրամադրել այնքան ժամանակ, մինչև Սիրիայում իրավիճակը հանդարտվի, իսկ Սիրիայից Հայաստան եկածները գտնեն համապատասխան անդորր:

 

Մասնագիտացում ունեցող ինչպիսի˚ թիմ է աշխատում «ԼեգալԼաբ»-ում:

Նարեկ Աշուղաթոյան: Մենք այս պահին երկուսով ենք: Սա փոքր կազմակերպություն է, բայց մեր շուրջն ունենք իրավաբանների ցանց ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանում, որոնց միջոցով մեր ծառայությունները դարձնում ենք էլ ավելի լայն: Ամերիկյան համալսարանում ունենք նաև հետազոտական կենտրոն, որը կցված է Ամերիկյան համալսարանի իրավաբանության ֆակուլտետին և համակարգվում է «ԼեգալԼաբ»-ի կողմից: Այնտեղ կատարվում է զուտ հետազոտական աշխատանք հայրենադարձների իրավական խնդիրներին վերաբերող: Բացի մեզանից, այդ կենտրոնում ներգրավված են ուսանողներ, որոնք ուսանում են Ամերիկյան համալսարանում և, մասնակցելով այդ կենտրոնի աշխատանքներին, կազմակերպության կողմից ստանում են իրավական ոլորտի հետազոտություններով զբաղվելու պրակտիկա:

 

Վերջերս Ձեր գրասենյակն աշխատանքի էր հրավիրում իրավաբանների: Ի˚նչն եք կարևորում աշխատանքային գործընկեր ընտրելու հարցում:

Ստեփան Խզրթյան: Մի քանի արժեքներ ունենք, որով առաջնորդվում ենք. պրոֆեսիոնալիզմն է, ճշտապահությունը, պատասխանատվության մեծ զգացումը, շատ կարևոր է նաև գաղտնապահությունը: Մեզ անհրաժեշտ է անձ, ով պատրաստ է երկարաժամկետ նվիրվել իր գործին` իրավաբանությանը, որպեսզի մենք իր հետ աճենք ու աճեցնենք: Աշխատանքի համար դիմողների մի մասը նոր են ավարտել, և քանի որ մենք էլ ոչ վաղ անցյալում ուսանողներ ենք եղել, հասկանում ենք նոր ավարտած երիտասարդի հոգեբանությունն ու դժվարությունները և փորձում ենք ընդառաջ գնալ: Այն իմաստով, որ եթե ուսանողն ունի պատշաճ, գերազանց գիտելիքներ, մենք փորձում ենք ինքներս ներդրում ունենալ նրա մասնագիտական աճի գործում` միասին աճելով:

Նարեկ Աշուղաթոյան: Ի դեպ, շարունակում ենք ստանալ CV-ներ և դեռ վերջնական որոշում չենք կայացրել:

 

Ի˚նչ խոչընդոտներ կան Հայաստանում իրավաբանական գրասենյակ բացելու ճանապարհին:

Ստեփան Խզրթյան: Օրինակ` ովքեր ունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն, ապա կարող են խրախուսել և հայտնել, որ առևտրային կազմակերպություն գրանցելու գործընթացը բավականին հեշտացված է:

 

Ստեփան, ավարտելով Քեմբրիջի համալսարանը, կարծում եմ առավել տեղեկացված կլինեք անգլիական իրավաբանական ընկերությունների աշխատաոճին: Ձեր իրավաբանական ընկերությունը որևէ բան փոխառե˚լ է անգլիական փորձից:

 –Ստեփան Խզրթյան: Նարեկն ու ես միասին աշխատել ենք «Առլեքս» իրավաբանական ընկերությունում, որն իր աշխատանքային մշակույթով և ոգով ամբողջովին հիմնված է ամերիկյան իրավաբանական ընկերությունների մշակույթի վրա: Ընկերության ղեկավար Թովմաս Սամուելյանը Հարվարդի համալսարանի շրջանավարտ է, պետական մակարդակով աշխատել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այսինքն` կարող ենք պատմել թե’ ամերիկյան, թե’ անգլիական իրավաբանական գրասենյակների մշակույթից: Փոխառած կետերից ամենա-ամենա կարևորը հաճախորդի նկատմամբ ծայրաստիճան պատասխանատվության զգացումն է: Այսինքն` հաճախորդի գաղտնապահությունն է, նրա տված ինֆորմացիային ճիշտ վերաբերելն է, հստակեցնել` ունենք շահերի բախում, թե` չէ: Այն իմաստով, որ եթե ներկայացնում ենք երկու հաճախորդ տարբեր գործերով, պետք է իմանանք` արդյո˚ք նրանց շահերը որևէ ձևով չեն հատվում, որովհետև այդ դեպքում մենք չեն կարող երկու գործն էլ վերցնել:

 

Դատական և իրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրն անցել է իրականացման փուլ: Ի˚նչ է պետք երկրում դատաիրավական բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու համար:

Ստեփան Խզրթյան: Նախ և առաջ այն պետք է արտացոլի իրավաբանական ներկա պրակտիկան: Այսինքն` պետք է անցնի պատշաճ ընթացակարգով: Նախ բոլոր շահագրգիռ անձինք տեղյակ լինեն, ունենան հնարավորություն արտահայտելու իրենց կարծիքը, լինեն քննարկումներ և այլն: Այդ պատճառով որքան շատ լինեն հանրային մասնագիտացված լսումները, այնքան ավելի դիպուկ օրենսդրական բարեփոխումների փաթեթ կարող ենք մշակել, որպեսզի բարեփոխման անհրաժեշտությունը դուրս գա մեր իրականությունից, ոչ թե լինի ուրիշ տեղից վերցված արհեստական մի փաստաթուղթ:

Նարեկ Աշուղաթոյան: Պետք է այդ լսումները շատ լայն մասշտաբով իրականացնել, որպեսզի կարողանան հավաքել բոլոր փաստաբանների, իրավաբանների փորձառության ընթացքում հանդիպած խնդիրները և ներառել բարեփոխումների փաթեթի մեջ: Միայն այդ դեպքում հնարավոր է ստանալ իրական պատկերը, թե դաշտն այսօր ինչի կարիք ունի. իհարկե, բոլոր առաջարկներից ընտրելով ոսկե միջինը:

 

Իսկ ծանոթացե˚լ եք դատաիրավական բարեփոխումների ծրագրին:

Ստեփան Խզրթյան: «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» մասով ծանոթ եմ: Ինձ շատ դուր է գալիս այն հանգամանքը, որ մեդիացիան մտնում է մեր օրենսգրքի մեջ: Այսինքն, որպեսզի մեր դատարաններն ավելորդ չծանրաբեռնվեն, ժամանակ չծախսեն գործը հարթելու համար, այլ այդ գործերը լուծվեն արտադատարանական ճանապարհով` մեդիացիայի միջոցով: Այստեղ կա դատարանային արդյունավետության գաղափարը:

 

«ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերության համահիմնադիրները նշում են` 2012 թվականի օգոստոսի 8-ին հիմնադրած իրենց ընկերությունը բիզնես է, որն ունի առաքելություն: Այս գործը նրանք սկսել են ոչ միայն գումար աշխատելու, Հայաստանի իրավաբանության ոլորտում աշխատանքային մշակույթ զարգացնելու, գործունեության արդյուքնում նշաձող բարձրացնելու համար, այլև ծայրահեղ իրավիճակներում անվճար օգնելու այն մարդկանց, ովքեր ունեն իրավախորհրդատվության կարիք:

 

Կարդացեք շարքի նաև մյուս հարցազրույցները` «ԱԳՐԻՄԵՆԹ» և «Արմադել Քոնսալթինգ» իրավաբանական (փաստաբանական) ընկերությունների մասին:

 

 Նունե Հովսեփյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել