Ի՞նչ նվերներ չեն կարող ստանալ պաշտոնատար անձիք

«Հանրային ծառայության մասին» ՀՀ նոր օրենքով սահմանվել են ի պաշտոնե նվերի ընդունման նոր կարգավորումներ:
Օրենքով արգելվում է պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս նվերների ընդունումը: Թույլատրելի նվեր ընդունելիս պաշտոնատար անձը պարտավոր է Կառավարության սահմանած կարգով հայտնել այդ մասին: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից։

Եթե պաշտոնատար անձի կողմից ստացված նվերը գերազանցում է 75 հազար ՀՀ դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն՝ հաշվառվում է և հանձնվում պետությանը կամ համայնքին: 

Ներկայումս պաշտոնական թույլատրելի նվերները դասակարգվում են գույքային սպառողականի և ոչ սպառողականի: Եթե գույքային ոչ սպառողական նվերն իր արժեքով գերազանցում է 100 հազար ՀՀ դրամը, ապա վերադաս ունեցող անձն իր վերադասի համաձայնությամբ, իսկ վերադաս չունեցող անձն իր նախաձեռնությամբ այն կամ բարեգործության է տրամադրում, կամ նվերը համարվում է համապատասխան մարմնի սեփականությունն ու գույքագրվում: Արդյունքում, նվերը՝ որպես բարեգործություն, կարող է տրամադրվել նախընտրելի անձի, և այն չի դառնա պետական սեփականություն:
Եթե գույքային սպառողական նվերն իր արժեքով գերազանցում է 100 հազար դրամը, ապա վերադաս ունեցող անձն այդ մասին հայտնում է իր վերադասին: Դրանով իսկ պաշտոնատար անձը կարող է ընդունել, օրինակ՝ 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ժամացույցը՝ ընդամենը հայտնելով վերադասին:

Նկատենք, որ դեռևս գործող օրենքով սահմանված չէ, թե որն է գույքային ոչ սպառողական նվերը: Պարզ չէ նաև վերադաս չունեցող անձի կողմից 100 հազար ՀՀ դրամը գերազանցող սպառողական նվեր ընդունելու հետևանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել