«Աբովյան» ՔԿՀ-ում նշվել է մայրության և գեղեցկության տոնը

Ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կին դատապարտյալների համար կազմակերպվել էր տոնական միջոցառում: Հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանը հանդես գալով բացման խոսքով, ներկաներին փոխանցեց նաև Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանի` օրվա խորհրդի առթիվ շնորհավորական խոսքը, մաղթելով նրանց խաղաղություն, սեր, բարօրություն, ինչպես նաև երկար սպասված ազատություն և վերադարձ հարազատ օջախներ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։

Բացման խոսքից հետո ներկաները շրջեցին կին դատապարտյալների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսում: Այնուհետև խոհարարները հանդես եկան իրենց խոհարարական հմտություններով: Միջոցառումն ընդմիջվեց վարսահարդարների միջև անցկացվող մրցույթով, տեղի ունեցավ նաև մրցույթ-վիկտորինա: Լավագույնները պարգևատրվեցին մրցանակներով:

Գարնանային գեղեցիկ տոնի առթիվ կանայք հյուրընկալել էին Աբովյան քաղաքի «Կոտայք» մանկապատանեկան համույթի սաներին, ովքեր շարունակեցին բարձր տրամադրությունն ապահովել իրենց պարային կատարումներով: Փոքրիկներին հիմնարկի պետ Գայանե Վարդանյանը կանանց կողմից նվիրեց նրանց ձեռքով պատրաստված հուշանվերներ:

Միջոցառման վերջում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ծաղիկներ նվիրեց կին կալանավորված անձանց և դատապարտյալներին:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել