Որո՞նք են բազմաբնակարան շենքերի սեփականատերերի ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունները

Բազմաբնակարան շենքերի սեփականատերերի ընդհանուր գույքի նկատմամբ սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացվում է բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի դիմումի հիման վրա, որին կից գրանցող մարմին պետք է ներկայացվի բազմաբնակարան շենքերի սեփականատերերի ընդհանուր գույքի հատակագիծը, ինչպես նաև պետական գույքի կառավարման ոլորտի պետական լիազոր մարմնի և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրամադրված տեղեկատվություն այն մասին, որ ըստ հատակագծի պետական գրանցման ներկայացվող գույքը պետական կամ համայնքային սեփականություն չէ և համապատասխան մարմնի կամ վերջինիս իրավանախորդի կողմից նախկինում հատուցմամբ կամ անհատույց չի մասնավորեցվել:

Բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր գույքի նկատմամբ շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը գրանցելիս գրանցման մատյանում և գրանցման վկայականում սեփականության իրավունքի սուբյեկտի անվանման համար նախատեսված դաշտում լրացվում են տվյալ բազմաբնակարան շենքի հասցեն և «բազմաբնակարան շենքի սեփականատերեր» արտահայտությունը:

Օրենքով սահմանված կարգով բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր գույքից որևէ մասի առանձնացման դեպքում առանձնացվող մասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ Օրենքով սահմանված կարգով, ընդ որում, առանձնացվող մասի նկատմամբ իրավունքի պետական գրանցման դիմումին պետք է կցվի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մասն առանձնացնելու վերաբերյալ բազմաբնակարան շենքի սեփականատերերի ժողովի կողմից օրենքով սահմանված կարգով ընդունված և ձևակերպված որոշումը, իսկ սույն օրենքով սահմանված կարգով չգրանցված ընդհանուր բաժնային սեփականության գույքից մաս առանձնացվելու դեպքում՝ նաև սույն Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը՝

  1. բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի դիմում,
  2. բազմաբնակարան շենքերի սեփականատերերի ընդհանուր գույքի հատակագիծ,
  3. պետական գույքի կառավարման ոլորտի պետական լիազոր մարմնի և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրամադրված տեղեկատվություն այն մասին, որ ըստ հատակագծի պետական գրանցման ներկայացվող գույքը պետական կամ համայնքային սեփականություն չէ և համապատասխան մարմնի կամ վերջինիս իրավանախորդի կողմից նախկինում հատուցմամբ կամ անհատույց չի մասնավորեցվել:

Իրազեկման աղբյուրը՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ Օրենք (հոդված 42):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել