Ովքե՞ր կարող են օտարերկրացուն հրավիրել Հայաստանի Հանրապետություն

Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավեր կարող են տալ`

ա) Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին.

բ) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին.

գ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք.

դ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները և միջազգային կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչությունները:

Հրավերը պարունակում է հրավիրվողի և հրավիրողի տվյալները, հրավերի նպատակը, հրավիրվողի` Հայաստանի Հանրապետությունում մնալու ժամկետները:

Հրավերի տիպային ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հրավերը վավերական է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից հաստատվելուց հետո, որի համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

Հրավերը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հաստատմանը ներկայացնելիս «ա» կետում նշված քաղաքացիները ներկայացնում են անձնագիր, «բ» կետում նշված անձինք` անձնագիր և կացության քարտ (Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր), իսկ «գ» կետում նշված իրավաբանական անձինք` Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի տված գրանցման վկայականի պատճենը:

Սույն մասում նշված անձինք ներկայացնում են նաև տեղեկատվություն հրավիրվողի կողմից իր կեցության ծախսերը, այդ թվում` նրա հնարավոր բուժօգնության և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու ծախսերը հոգալու մասին, կամ պարտավորություն այդ ծախսերը իր կողմից հոգալու մասին` երկու դեպքում էլ ներկայացնելով պետական տուրքի վճարման անդորրագիր:

Հրավերների հաստատման և հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք, հոդված 11:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել