Ի՞նչ ընթացակարգ է գործում ապահովագրական հատուցում ստանալու համար

Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը կամ նրա իրավահաջորդն իրավունք ունի ապահովագրական պատահարի օրվանից հետո` եռամսյա ժամկետում, դիմելու վնաս պատճառած անձի պատասխանատվությունն ապահովագրած ապահովագրական ընկերությանը կամ Բյուրոյին: Եթե տուժողը կամ նրա իրավահաջորդը եռամսյա ժամկետում ապահովագրական հատուցում ստանալու համար չի դիմում պատահարի հետևանքով անգիտակից վիճակում կամ այնպիսի իրավիճակում լինելու պատճառով, որ անհնարին է դարձրել տուժողի կամ նրա իրավահաջորդի կողմից ապահովագրական ընկերությանը սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական հատուցում ստանալու համար դիմելը կամ գույքին պատճառված վնասների առկայության դեպքում` այդ գույքի պահպանման համար պատասխանատու անձի (գույքը նրա մոտ գտնվել է այն պահպանելու, օգտագործելու կամ նրա համաձայնությամբ այլ նպատակներով) կողմից պատահարի մասին չտեղեկացնելու պատճառով, ապա նրա համար եռամսյա ժամկետը սկսում է գործել ապահովագրական հատուցում ստանալու համար դիմում ներկայացնելն անհնարին դարձնող հանգամանքների վերացման կամ ապահովագրական պատահարի մասին տեղեկանալու օրվանից սկսած: Տուժողը կամ նրա իրավահաջորդը կրում են ապահովագրական հատուցում ստանալու համար սահմանված ժամկետում դիմելու անհնարինության կամ տեղյակ չլինելու ապացուցման պարտականությունը:

 Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը կամ նրա իրավահաջորդը անձամբ կամ ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում և Բյուրոյի կանոններով նախատեսված փաստաթղթերը: Ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված:

Եթե տուժողն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ ապահովագրական ընկերության հետ կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա նրա կամ նրա իրավահաջորդի պահանջով այդ ապահովագրական ընկերությունը պարտավոր է անվճար գործել որպես տուժողի (նրա իրավահաջորդի) ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ տուժողը և վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիրը կնքել են միևնույն ապահովագրական ընկերության հետ: Եթե տուժողը և վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիրը կնքել են միևնույն ապահովագրական ընկերության հետ, ապա տուժողի (նրա իրավահաջորդի) պահանջով Բյուրոն պարտավոր է անվճար գործել որպես տուժողի (նրա իրավահաջորդի) ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու համար: Եթե տուժողն ապահովագրական պատահարը տեղի ունենալու պահին հետիոտն կամ ուղևոր է և չունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ ապահովագրական ընկերության հետ կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա նրա կամ նրա իրավահաջորդի պահանջով Բյուրոն պարտավոր է անվճար գործել որպես տուժողի (նրա իրավահաջորդի) ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու համար:

Բյուրոն վերոնշյալ նախատեսված գործառույթի իրականացման համար իր կատարած ծախսերի մասով հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած անձի` ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրած ապահովագրական ընկերության, իսկ վերջինիս բացակայության դեպքում` վնաս պատճառող անձի նկատմամբ:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենք, հոդված 20-րդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել