Պետական գույքի կառավարման վարչությունը խախտել է մարդկանց իրավունքները

Մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը և հայտնել, որ 2012թ. մարտ ամսին Կառավարության համապատասխան որոշմամբ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին օտարվել է Մոսկովյան 33ա հասցեում գտնվող շենքի մի հատվածը, որի մաս են կազմում շենքի աստիճանավանդակներն ու միջանցքը: Այս որոշման արդյունքում շենքի մյուս սեփականատերերը զրկվել են տվյալ աստիճանավանդակներից ու միջանցքից օգտվելու հնարավորությունից։ Որպեսզի նրանք կարողանան օգտվել այդ տարածքներից «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն պետք է նրանց հետ կնքի անհատույց և անժամկետ օգտագործման մասին պայմանագիր: Մինչդեռ, համաձայն ՀՀ օրենսդրության՝ շենքի աստիճանավանդակներն ու միջանցքները հանդիսանում են ընդհանուր օգտագործման տարածքներ, որոնցից իրավունք ունեն օգտվել շենքի բոլոր սեփականատերերը, իսկ գույքի սեփականատիրոջ հետ անհատույց և անժամկետ օգտագործման մասին պայմանագիր կնքելն իրավաչափ չէ: Դեռ ավելին, Կառավարության որոշմամբ այդ տարածքների տրամադրումը «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին շենքի մյուս սեփականատերերի սեփականության իրավունքի խախտում է, քանի որ ըստ օրենքի շենքի ընդհանուր օգտագործման տարածքը տվյալ շենքի բոլոր սեփականատերերի սեփականությունն է :

 

 

 

Վերոնշյալ խնդրի կապակցությամբ Պաշտպանը մի քանի անգամ հարցումներ է ուղարկել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, որտեղից այդպես էլ հստակ չի պարզաբանվել Կառավարության տվյալ որոշման իրավաչափությունը։ Չի հստակեցվել նաև այն հանգամանքը, որ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին գույքն օտարելիս հաշվի չի առնվել շենքի մյուս սեփականատերերի համաձայնությունը: Պաշտպանը նաև առաջարկել է Պետական գույքի վարչությանը հանդես գալ Կառավարության տվյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու առաջարկով, սակայն խնդիրը այդպես էլ լուծում չի ստացել և շենքի սեփականատերերի իրավունքները դեռ մնում են ոտնահարված։

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել