Վարորդը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ՃՈ-ի և հաղթել

Լիլիյա Ջավադյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության:

Գործը քննվել է դատավոր Գրիգոր Առաքելյանի վարույթում:

Հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների կենտրոնի տեսուչի որոշմամբ իր նկատմամբ նշանակվել է տուգանք 5.000 դրամի չափով՝  երթևեկելի մասի եզրից հեռու կանգառ կատարելու համար։

«Նշանակված տուգանքը չեմ վճարել, քանի որ համաձայն չեմ դրա հետ։ Գտնում եմ, որ նշված վարչական ակտը հակասում է գործող օրենսդրությանը հետնյալ պատճառաբանություններով.
Տվյալ պարագայում, վարչական տույժ նշանակելու մասին «Ծառայության» 17.10.2017թ. որոշումը կայացնելիս չեն պահպանվել ակտի որոշակիության և հիմնավորվածության պահանջները, քանի որ ակտից հասկանալի չէ, թե արգելող որ նշանի, կամ գծանշանի, ազդեցությամբ է նշված վայրում արգելվում կանգառ կատարելը, ինչպես նաև հստակ չի նշվում կանգառն արգելելու իրավական հիմնավորումը։ Փաստորեն, ծառայությունն իր ակտում որևէ կերպ չի հիմնավորել ընդունած որոշման փաստական և իրավական հիմքերը։ Ուստի այն պնդումը, թե կանգառ է կատարվել կանգառի համար արգելված վայրում, որևէ փաստով չի հիմնավորվում, հետևաբար վերոհիշյալ վարչական ակտն անհիմն է»,-նշել է Լիլիյա Ջավադյանը։

Ելնելով վերոգրյալից` հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել  ճանապարհային ոստիկանության որոշումը։

Պատասխանողը դատարան չի ներկայացրել հայցադիմումի պատասխան կամ որևէ առարկություն։

Հայցվորը և պատասխանողը չեն ներկայացել դատաքննությանը` չնայած դատաքննության վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված լինելու հանգամանքին։ Դատարանը որոշել է դատաքննությունն անցկացնել հայցվորի և պատասխանողի բացակայությամբ։

Տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի տեսուչը  պարզել է, որ «HYUNDAI» մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդը Գայի-Բաղյան խաչմերուկի հատվածում չի պահպանել և կանգառ է կատարել երթևեկելի մասի եզրից հեռու, և որոշել է Լիլիյա Ջավադյանին տուգանել 5000 դրամ։

Որոշման կայացման համար առկա է եղել հիմք հանդիսացած տեսանյութը:

«Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշմամբ տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը թույլատրվում է ճանապարհի աջ մասում` մայթի մոտ կամ կողնակին, դրանց բացակայության դեպքում` երթևեկելի մասի եզրին, իսկ կանոնների որոշ դեպքերում` նաև մայթեզրին։

Որոշման մեջ նշված է նաև, որ տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով` բացառությամբ այն տեղերի, որտեղ գծանշմամբ թույլատրված են տրանսպորտային միջոցների դասավորման այլ ձևեր։

Այսպիսով, վերոնշյալ փաստական հանգամանքների և իրավական նորմերի համադրված վերլուծության արդյունքում դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի տեսուչը, իրավախախտման հատկանիշների պարզման փուլում, ք.Երևան, Գայի-Բաղյան խաչմերուկի հատվածում տեղադրված տեսանկարահանող սարքի օգտագործմամբ ստացված տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշները, այսինքն` կանգառ է կատարել երթևեկելի մասի եզրից հեռու, համադրելով իրավախախտման հատկանիշների հետ, հաշվի չի առել այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման «Կանգառը և կայանումը» բաժնով որևէ հեռավորություն և չափ սահմանված չէ, թե տրանսպորտային միջոցները ճանապարհի աջ մասում` մայթի մոտ կամ կողնակին ինչ հեռավորության վրա պետք է կանգառ կատարեն, որպիսի փաստական հանգամանքը հաշվի առնելու պարագայում իրավախախտման հատկանիշները չէին կարող համարվել պարզված:

Տվյալ դեպքում, հայցվորը չի վճարել պետական տուրքի գումարը` պետական տուրքի վճարումից ազատված լինելու հիմքով, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանողի դեմ կայացվել է վճիռ, հետևաբար դատական ծախսի` պետական տուրքի, հատուցման պարտականությունը կրում է պատասխանողը, ուստի վերջինիցս հօգուտ պետական բյուջեի ենթակա է բռնագանձման 4000 դրամ` որպես հայց ներկայացնելու համար չվճարված պետական տուրքի գումար։

Այսպիսով, դատարանը վճռեց Լիլիյա Ջավադյանի հայցը բավարարել և անվավեր ճանաչել ճանապարհային ոստիկանության որոշումը և պատասխանողից բռնագանձել 4000 դրամ պետական տուրքի գումար։

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննության կարգով`  վարչական վերաքննիչ դատարան։

Վճիռը կայացվել է փետրվարի 28-ին և չի բողոքարկվել:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել