«Պետական նպաստների մասին» օրենքում նոր փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ է ներկայացվել ԱԺ

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գյորգիսյանը  նոր օրենքի նախագիծ է ներկայացրել առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, որով առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել «Պետական նպաստների մասին» օրենքում:

Պատգամավորը առաջարկում է պետական նպաստի տրամադրման կարգը իրականացնել հետևյալ ձևով.

1.Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին դիմում է իր բնակության վայրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական նպաստ տրամադրող մարմնին :

2. Դիմողը տարածքային կենտրոնում հայտարարագրում է պետական նպաստի տվյալ տեսակի համար անհրաժեշտ տվյալները եւ ներկայացնում պահանջվող փաստաթղթերը:

3. Պետական նպաստը, սույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում, տրամադրում (նշանակում և դրա վճարումը կազմակերպում) է տարածքային կենտրոնը:

4. Տարածքային կենտրոնը, քաղաքացու դիմումը և կից փաստաթղթերն ստանալու պահից հնգօրյա ժամկետում ընդունում է որոշում նպաստ նշանակելու կամ նպաստի նշանակումը մերժելու մասին:

Նպաստի նշանակման դեպքում դիմողը պատշաճ գրավոր ձևով տեղեկացվում է նպաստի վճարման ժամկետների, վճարող կազմակերպության և վճարման կարգի մասին, իսկ մերժման դեպքում՝ մերժման պատճառների մասին:

Եթե նպաստի նշանակումը մերժվում է դիմումում և (կամ) կից փաստաթղթերում առկա թերությունների պատճառով, ապա դիմողին տրվում է նպաստի գործում առկա թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար ողջամիտ ժամկետ, որի տևողությունը սահմանմում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նպաստի մերժման մասին որոշումը կարող է բողոքարկվել վարչական և դատական կարգով:

5. Պետական նպաստների չափերը, դրանց նշանակման և վճարման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Սոցիալական աջակցության բնագավառում կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության մեթոդական ղեկավարում ու վերահսկողություն իրականացնող մարմնի հետ համատեղ սահմանած կարգով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստանում է պետական նպաստ նշանակելու (ընտանիքի սոցիալական գնահատման) համար անհրաժեշտ՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ:

Գևորգ Գյորգիսյանը առաջարկում է նաև չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար հիմք ընդունել՝

1) «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան տրված երեխայի ծննդյան վկայականը:

2) Վաղաժամ ծննդաբերության, այդ թվում երեխայի մահացած ծնվելու դեպքում՝ համապատասխան բժշկական հաստատության կամ բժշկի կողմից տրված սահմանված ձևի փաստաթուղթը, իսկ օտարերկրյա պետությունում վաղաժամ ծննդաբերության, այդ թվում երեխայի մահացած ծնվելու դեպքում՝ այդ պետության համապատասխան բժշկական հաստատության կողմից տրված եւ տվյալ պետությունում, կամ տվյալ պետությանը սպասարկող այլ պետությունում գործող հյուպատոսական հիմնարկի կողմից վավերացված փաստաթուղթը:

Եթե չաշխատող կինը ծննդաբերում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մեջ չգտնվող օտարերկրյա պետության տարածքում, ապա այդ պետության բժշկական հաստատության տված ծննդաբերության վերաբերյալ փաստաթուղթը կարող է համապատասխան պետական գրանցման և մայրության նպաստի նշանակման հիմք հանդիսանալ օրենսդրությամբ սահմանած կարգով արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վավերացվելուց հետո:

Մայրության նպաստ ստանալու իրավունքը դադարում է, եթե սահմանված ժամկետում ու կարգով պատշաճ տեղեկացված նպաստառուն համապատասխան բանկին չի ներկայացնում միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի հիման վրա բացված իր բանկային հաշվին մուտքագրված նպաստի գումարը դուրս գրելու կարգադրություն:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել