Մատչելի պայմաններով 1000 բնակարան․ կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավանը

Կառավարությունն այսօր՝ մարտի 22-ին հերթական նիստի ժամանակ հավանության արժանացրեց ներդրումային ծրագրի շրջանակում «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը հողամաս է օտարվելու մասին նախագիծը:

Որոշման համաձայն՝ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում շուրջ 6,57 հա մակերեսով հողամասը հողային օրենսգրքի սահմանած կարգով կադաստրային արժեքով կվաճառվի «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը։ Նշված տարածքում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավանը։

Այստեղ նախատեսվում է կառուցել «Վերածնունդ» երիտասարդական ավանը, որը կունենա մոտ 1000 բնակարան, կանաչապատ հանգստի գոտիներ, մանկապարտեզ, կենցաղ-սպասարկման և հասարակական նշանակության տարածքներ։

Նշենք նաև, որ համաձայնություն է տրվել նաև այդ հողամասն ուղղակի վաճառքի միջոցով կազմակերպությանն օտարելուն: Արդյունքում երիտասարդ մասնագետները մատչելի պայմաններով բնակարան գնելու հնարավորություն կունենան:

Այս ծրագրի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 52 մլրդ դրամ և առաջիկա 3 տարում կստեղծվի մոտ 2400 աշխատատեղ։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2018 թվականի ապրիլի 1-ին, իսկ ավարտը՝ 2021 թվականի հուլիսի 1-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել