Մեկնարկել են նոր ծրագրեր Հայաստանում «ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախաձեռնության ներքո

Այսօր Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է չորս նոր ծրագիր՝ «ԵՄ-ն հանուն երիտասարդության» Եվրոպական միության նախաձեռնության ներքո: Չորս ծրագրերն աշխատելու են երիտասարդների զբաղունակության բարձրացման, նրանց կարողությունների զարգացման ու հասարակական կյանքում երիտասարդների ակտիվ մասնակցությունը խթանելու ուղղությամբ:

Հայաստան կատարած այցի շրջանակում Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար,  դեսպան Պյոտր Սվիտալսկին պաշտոնապես հայտարարեցին «ԵՄ-ն հանուն երիտասարդության» ծրագրի մեկնարկի մասին: Այս նախաձեռնությունը 2017 թվականի նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ համաձայնեցված Երիտասարդություն և կրթություն նոր փաթեթի մասն է:

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթն ասել է. «Երիտասարդներին ուղղված Եվրոպական միության աջակցությունը Հայաստանի հետ մեր համագործակցության հիմնական առաջնահերթություններից մեկն է: Երիտասարդների կարողությունների զարգացումը, կրթության հավասարաչափ մատչելի լինելը, շարժունակության հնարավորությունների և զբաղվածության ապահովումը հզորացնում է նրանց և դարձնում հասարակության ակտիվ անդամներ»:

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է. «Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում սկսում ենք այս խոշոր նախաձեռնությունը և կարևոր աջակցություն ենք ցուցաբերում երիտասարդական միություններին լրացուցիչ վերապատրաստման և մենթորության, ինչպես նաև նոր աշխատատեղերի և գործարար հնարավորությունների միջոցով: «ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախաձեռնության չորս նոր ծրագրերն ընդգծում են Եվրոպական միության առաջնահերթությունը` օգնել երիտասարդության շրջանում գործազրկության կրճատմանը»:

Այսօր մեկնարկած չորս ծրագրերը կնպաստեն հայաստանցի երիտասարդների, հատկապես սահմանափակ հնարավորություններով երիտասարդների համար  լրացուցիչ վերապատրաստումների, կարողությունների և հմտությունների զարգացման, պրակտիկայի և աշխատանքին զուգահեռ ուսուցման հնարավորություններին: Ծրագրերը հիմնականում կգործեն Երևանից դուրս գտնվող փոքր քաղաքներում՝ խթանելու հասարակական կյանքում երիտասարդների ակտիվ մասնակցությունը, կրթություն ստանալու և աշխատելու հնարավորությունները, ինչպես նաև կտրամադրեն ձեռնարկատիրության վերաբերյալ համապարփակ գիտելիքներ։

Ընդհանուր տեղեկություններ

2017թ.-ի նոյեմբերին Բրյուսելում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ հաստատվեց Արևելյան գործընկերության «2020-ի 20 արդյունքները» փաստաթուղթը, որի նպատակն է համագործակցության շնորհիվ շոշափելի արդյունքներ գրանցել քաղաքացիների համար: Գագաթաժողովի հռչակագրում ընդգծված հիմնական արդյունքների շարքում է Երիտասարդության և կրթության նոր փաթեթը:

Երիտասարդության փաթեթի հիմքում ընկած է «ԵՄ-ն հանուն երիտասարդության»  ծրագիրը (ԵՄ ընդհանուր ֆինանսավորումը` 26 մլն եվրո): Ծրագրի նպատակն է բարձրացնել աշխատունակությունը և հասարակությունում և տնտեսության մեջ երիտասարդների ակտիվ մասնակցությունը՝ զարգացնելով նրանց կարողությունները և աջակցելով նրանց դառնալու ապագա ղեկավարներ և գործարարներ: Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչներից՝

1. Էրազմուս+ ծրագրի շրջանակում երիտասարդական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և/կամ մասնավոր ընկերությունների, ինչպես նաև երիտասարդ աշխատողների և ղեկավարների կարողությունների զարգացման բաղադրիչ: Ընտրվել է ընդհանուր առմամբ 53 ծրագիր, որից 20-ը՝ ֆելոուշիփ քաղաքացիական հասարակության համար, իսկ 15-ը` ձեռնարկատիրական գործունեության համար:

2. Դրամաշնորհ, որը տարածաշրջանային դրամաշնորհների միջոցով աջակցում է երիտասարդների համար կրթական հնարավորություններին և զբաղվածության հեռանկարներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով անապահով խմբերին: Վերջերս ստորագրված տարածաշրջանային դրամաշնորհների թվում կան նախաձեռնություններ, որոնք մասնավորապես աջակցում են՝

• երիտասարդների ձեռնարկատիրական ներուժին՝ դրամաշնորհներով նպաստելով ձեռներեցության խթանմանն ու ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների ստեղծմանը, ներառյալ՝ որոշակի ոլորտներ (օրինակ` գյուղատնտեսություն),

• աշխատաշուկայի կարիքներին համապատասխան ավելի լավ կրթությանն ու կարողություններին՝ դրամաշնորհներով նպատակ ունենալով ավելացնել համապատասխան տեխնիկական և մասնագիտական ​​կարողություններ ունեցող երիտասարդների քանակը, ինչպես նաև ընդլայնել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները,

• պետական ​​և ոչ պետական ​​դերակատարների և մասնավոր հատվածի միջև համագործակցության հաստատմանը՝ այսպիսով նպաստելով միջոլորտային երիտասարդական քաղաքականության ստեղծմանը:

3. Համակարգման բաղադրիչ, որի նպատակն է խրախուսել ծրագրերի, ինչպես նաև ԱլԳ տարածաշրջանում երիտասարդությանն ուղղված «ԵՄ-ն հանուն երիտասարդության»  և այլ գործողությունների բաղադրիչների համագործակցությունը, ինչպես նաև «ԵՄ-ն հանուն երիտասարդության» ծրագրի համար ապահովել համաձայնեցված կապ ու տեսանելիություն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել