Հրապարակվեց Ժիրայր Սեֆիլյանի եվ մյուսների գործով դատավճիռը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր հրապարակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռը:

Նշենք, որ նիստը նախագահում է դատավոր Տաթևիկ Գրիգորյանը:

Ժիրայր  Սեֆիլյանը դատապարտվեց ազատազրկման՝  10 տարի 5 ամիս ժամկետով:

Գևորգ Սաֆարյանը  դատապարտվեց ազատազրկման՝ 5 տարի 5 ամիս ժամկետով:

Հրայր  Թոփչյանը դատապարտվեց ազատազրկման՝ 3 տարի ժամկետով:

Սասունիկ Կիրակոսյանը դատապարտվեց ազատազրկամ՝ 3 տարի 6 ամիս ժամկետով:

Հովհաննես  Պետրոսյան դատապարտվեց ազատազրկման՝ 2 տարի ժամկետով:

Գալուստ Գրիգորյանը ազատազրկման դատապարտվեց՝ 3 տարի ժամկետով:

Ներսես Պողոսյանը ազատազրկման դատապարտվեց՝ 3 տարի 6 ամիս ժամկետով:

Դատավճռի հրապարակումից հետո Արայիկ Պապիկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կդիմեն Վերաքննիչ ատյան։ «Այս պահին հստակ կարող եմ ասել՝ Հայաստանում չկա անկախ դատարան։ Վերաքննիչ դատարանն ընդամենը ձևական ընթացակարգ է։ Մենք Վերաքննիչ, հավանաբար, պետք է դիմեինք դեռ 10 ամիս առաջ, երբ գործն արդեն առաջին ատյանի դատարանում էր, որովհետև դատավճիռը կանխատեսելի էր։ Միջազգային ատյաններ ներկայանալու համար պետք է պահել այդ ընթացակարգը»։

Հիշեցնենք, որ Ժիրայր  Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ:

Բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:

Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ:

Հրայր  Թոփչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված, զինված կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով պահել և փոխադրել է ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն և ռազմամթերք` նպատակ ունենալով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով կազմակերպված խմբով, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ: Հրայր Թոփչյանը գիտակցելով կամովին հրաժարվել է հանցագործության նախապատրաստությունից և անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողություններից, հրազեններն ու ռազմամթերքը Ժիրայր Սեֆիլյանին վերդարձնելու ժամանակ,ենթարկվել է ավտովթարի, բացահայտվել ու բերման ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Սասունիկ Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված լինելով Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված, զիված կազմակերպված խմբի կազմում, ապօրինի կերպով պահել և փոխադրել է ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն և ռազմամթերք` նպատակ ունենալով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով կազմակերպված խմբով, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ: Սասունիկ Կիրակոսյանը գիտակցելով հանցագործությունն ավարտին հասցնելու իրական հնարավորությունը, կամովին հրաժարվել է հանցագործության նախապատրաստությունից և անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողություններից, ապա հրաժարվել ինչպես ենթախմբին անդամակցելուց, այնպես էլ հանցագործությունն ավարտին հասցնելուց:

Հովհաննես  Պետրոսյանին, Գալուստ Գրիգորյանին և Ներսես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված լինելով Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված, զիված կազմակերպված խմբի կազմում, ապօրինի պահել և ձեռք են բերել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով կազմակերպված խմբով, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ: Նրանք գիտակցելով հանցագործությունն ավարտին հասցնելու իրական հնարավորությունը, կամովին հրաժարվել են հանցագործության նախապատրաստությունից և անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողություններից, այնպես էլ հանցագործությունն ավարտին հասցնելուց:

Հովհաննես Պետրոսյանը հրազեններն ու ռազմամթերքը Ժիրայր Սեֆիլյանին վերդարձնելու ժամանակ, ենթարկվել է ավտովթարի, բացահայտվել ու բերման ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Գալուստ Գրիգորյանը և Ներսես Պողոսյանը կամովին հրաժարվել են ինչպես ենթախմբին անդամակցելուց, այնպես էլ հանցագործությունն ավարտին հասցնելուց:

Լուսանկարները՝ Ալիսա Չիլինգարյանի

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել