Նորք Մարաշի զինված խմբի գործով ամբաստնյալը կշարունակի կալանքի տակ մնալ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Նորք Մարաշի զինված խմբի գործով հերթական դատական նիստը։

Գործը քննվում է դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ։

Նիստի սկզբում ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվի գրավով, քանի որ այն համարվում է կալանքի այլընտրանքային միջոց։

Պաշտպանի խոսքերով այժմ արդեն վերացել են այն հիմքերը, որոնց համաձայն, դատարանը Հարություն Սարիբեկյանին կալանքի տակ էր պահում՝ որպես պատճառ ներկայացնելով այն, որ իր պաշտպանյալը կարող է խուսափել դատական քննությունից։

Սարիբեկյանի պաշտպանը նշեց նաև, որ իր պաշտպանյալը ամուսնացած է, ունի մշտական բնակության վայր, միայն ՀՀ քաղաքացի է, Արցախյան ազատամարտի մասնակից, իսկ անձնագիրը գտնվում է նախաքննական մարմնի մոտ։ Բացի սրանից, նշվեց նաև, որ Հարություն Սարիբեկյանը առողջական խնդիրներ ունի՝ մասնավորապես անկայուն ստենոկարդիա, զարկերակային ճնշման տատանումներ։

Նախկինում ևս դատարանին միջնորդություն էր ներկայացվել Սարիբեկյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու համար, բայց այդ միջնորդությունը մերժվել էր։

Մեղադրող կողմն առարկեց միջնորդության դեմ և նշեց, որ Հարություն Սարիբեկյանը Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խմբի անդամ է եղել և անօրինական ճանապարհով պայթուցիկ սարքեր է ձեռք բերել, ուստի խափանման միջոցը պետք է նույնը թողնել, քանի որ միջնորդությունը բավարարելու դեպքում ամբաստանյալը կարող է խոչընդոտել դատական գործի նորմալ ընթացքին կամ էլ նոր հանցանք կատարել։

Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ ոչ միայն Հարություն Սարիբեկյանի, այլ նաև այս գործով մնացած բոլոր ամբաստանյալների նկատմամբ կալանք է կիրառվել, որ նրանց կոտրեն, նրանց մեջ «սպանեն հայրենիքը»։

Ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանն էլ նշեց, որ սա կեղծ գործ է, և շատ մարդիկ, ովքեր կատարել են այն հանցանքները, որոնց համար իրենց մեղադրում են, ազատության մեջ են, իսկ իրենք կալանավորված են։

Դատարանը կողմերի դիրքորոշումները լսելուց հետո անցավ խորհրդակցան սենյակ և կարճ ժամանակ անց  հրպարակեց միջնորդությունը մերժելու մասին որոշումը։

Ամբաստանյալներ Արթուր Վարդանյանի և Անտոն Թոթոնջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց պաշտպան Սիրանուշ Աղվանյանը։ Դատարանը մերժեց նաև այս միջնորդությունը՝ անհնարին լինելու պատճառաբանությամբ։

Հեռախոսային  վերծանումների հետազոտությունից հետո պաշտպանական կողմը նշեց, որ դրանք չեն  համապատասխանում իրականությանը, քանի որ արձանագրությունում նշված հեռախոսային  խոսակցությունները, որ ունեցել էին ամբաստանյալները մեկը մյուսի հետ, հնարավոր չէր լսել մեղադրող կողմի նշած ժամանակահատվածում։ Հեռախոսային խոսակցությունները տևել են ընդհանուր առմամբ վեց ժամից ավելի, իսկ լսվել են, ըստ մեղադրող կողմի,  ժամը 13:00-18:00 ընկած ժամանակահատվածում, ընթացքում եղել են կես ժամ տևողությամբ ընդմիջումներ։

Ըստ մեղադրող կողմի՝ վերոհիշյալ հայտարարությունը անհիմն է, քանի որ իրենք լսել են միայն գործի համար հետաքրքրություն ներկայացնող հատվածը։

Դատարանը նշեց, որ վերոհիշյալ հեռախոսային խոսակցությունների լազերային արձանագրությունները լսելու համար հաջորդ դատական նիստին համապատասխան մասնագետ կհրավիրեն։

Հաջորդ նիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 11:00-ին։

Հիշեցնենք, որ գործով անցնող 20 ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր  ձեռք  բերելու, պահելու, փոխադրելու  և կրելու համար: Ըստ մեղադրական եզրակացության, զինված խմբի անդամները նպատակ են ունեցել Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սոնա Վարդանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել