Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կտրվի օտարերկրյա պետություններում սովորող անձանց

Պատգամավոր Միհրան Պողոսյանը նոր նախագիծ է ներկայացրել պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին: Նա առաջարկում է լրացում կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում:

Նշենք, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին`

1) ով առողջական վիճակի պատճառով ճանաչվել է խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի.

2) ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս, և նա ծնողների միակ արու զավակն է.

3) ով մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը (նաև որպես Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի) ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն.

4) ով ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած մասնագիտությունների գծով գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) և Հայաստանի Հանրապետությունում զբաղվում է օրենքով սահմանված գիտական գործունեությամբ:

Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին`

1) ով առողջական վիճակի պատճառով ճանաչվել է խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի.

2) ով մինչև պահեստազորի սպայական կազմ որակավորվելն անցել է պարտադիր զինվորական ծառայություն:

Քաղաքացին պարտադիր զինվորական ծառայությունից կարող է ազատվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից անկախ այլ պետությունում ծառայելու հանգամանքից:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև նպատակային ուսումնառության համար`

1) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող քաղաքացուն, եթե նա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին: Սույն կետի համաձայն` քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 26 տարին լրանալու օրը.

2) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողին: Սույն կետի համաձայն` քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը:

Պատգամավորը առաջարկում է նաև տարեկտում տալ նաև օտարերկրյա պետություններում սովորող անձանց՝ նույն պայմաններով:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել