Դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները դադարեցվել են

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները: Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ Նախագահի պաշտոնական կայքէջից:

 Հրապարակված հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի մարտի 12-ի ԱԽ-5-Ո-5 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ. դադարեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները»:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն դատավորի լիազորություններն Արդարադատության խորհրդի առաջարկությամբ դադարեցվում են Հանրապետության Նախագահի կողմից, եթե նշանակումից հետո նա ձեռք է բերել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող հիվանդություն:

Նշենք, որ նա նախկինում զբաղեցնում էր Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագաի պաշտոնը եւ քննում մի շարք կարեւոր գործեր, այդ թվում՝  «Սասնա ծռեր» խմբի 11 անդամների վերաբերյալ գործը։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել