Մեքենաների վրա լուսային և ձայնային ազդանշանները պետք է համապատասխանեն ստանդարտներին, հակառակ դեպքում՝ կտուգանվեք

Տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի և հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում` բարձրախոսների) կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելը` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով (10.000 դրամ), իսկ ստանդարտներին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումները բռնագրավվում են:

Եթե արդեն տեղադրել եք, և լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) ձեզ իրազեկում է իրավախախտման մասին, ապա դրանք տեղում վարչական պատասխանատվության չեք ենթարկվի, իսկ լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմի:

Եթե այդ իրավախախտման հատկանիշները վերացնել հնարավոր չէ, ապա լիազորված մարմինը կազմում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և կայացնում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում:

Բացի սրանից, նշենք, որ առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաև օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունագծապատկերներն օգտագործելը (նմանեցնելը)`առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով (100.000 դրամ)` առկայծող փարոսիկների և հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ:

Եթե նման ազդանշաններ կամ փարոսիկներ արդեն տեղադրել եք և իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում վերացրել եք դրանք և ներկայացրել եք համապատասխան ապացույցները, ապա կազատվեք նշանակված տույժը կատարելու պարտականությունից։ Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է իրավախախտումը կատարած անձին:

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել