Առաջին անգամ ՄԻԵԴ-ը կքննի Հայաստանի դեմ բերված Կոնվենցիայի 17-րդ հոդվածի խախտման վերաբերյալ դիմում

Փետրվարի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել (կոմունիկացրել է) Լիլի Մինասյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի գործով գանգատը։ Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի դեմ կքննվի գանգատ, որի հիմքում Եվրակոնվենցիայի 17-րդ հոդվածի խախտումն է․ 

Գործի նյութերից տեղեկանում ենք, որ դիմողները սոցիալական, կանանց և ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներ են։ Նրանց մի մասը անդամակցում է տարբեր հասարակական կազմակերպությունների, ինչպիսիք են «Հասարակություն առանց բռնության», «Փինք Արմենիա»։

2014-ի մայիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ «Եվրատեսիլ 2014» մրցույթի ժյուրիներից  Ի․Ա․-ն և Ա․Ա․-ն իրենց խոսքում նշել են, թե Կոնչիտա Վյուրստին ամենացածր միավորն են նշանակել՝ ելնելով ներքին հակարկարանքներից և հավելել են․ «Ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ նման երեւույթները»։ Ասուլիսիսն մասնակցողներից մի մասը, այդ թվում ՄԻԵԴ գանգատաբերները, բոյկոտել են ասուլիսը՝ ասելով, որ այդ արտահայտությունները խտրական են, անհանդուրժողականության և ատելաության խոսք են սերմանում, հակասահմանադրական ու անմարդկային են, ինչպեսև վիրավորական են սեռական փոքրամասնությունների և հոգեպես անառողջ անձանց համար։

Նույն թվականի մայիսի 17-ին «Իրավունք» թերթում նյութ է հրապարակվում, որը, ամենայն հավանականությամբ, հեղինակվել է  թերթի խմբագիր Հ․Գ-ի կողմից և վերնագրված է եղել այսպես՝ «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը»։ Այս նյութում հրապարակվել են նաև անձանց ֆեյսբուքյան էջերի լինքերը, այդ թվում նաև ՄԻԵԴ գանգատաբերներինը։

Այս անձիք հայց են ներկայացրել դատարան՝ ընդդեմ թերթի, և պահանջել հրապարակային ներողություն խնդրել իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու, զրպարտելու համար, փոխհատուցում տալ։ Ներհայաստանյան դատական ատյաններում արդյունքի չհասնելուց հետո դիմել են ՄԻԵԴ։

Գանգատաբերները ՄԻԵԴ դիմումում նշում են, որ ոտնահարվել է իրենց անձնական կյանքի իրավունքը, որը երաշխավորվում է Եվրակոնվենցիայի 8-րդ հոդվածով։

Նրանք նաև նշել են, որ խախտվել է նաև Կոնվենցիայի 14-րդ հոդվածը, որով ամրագրվում է խտրականության արգելքը, քանի որ թերթի հրապարակումներում եղել են խտրականություն և խտրական վարքի հրահրում այն անձանց հանդեպ, ովքեր ասոցացվում են ԼԳԲՏ համայնքի հետ։

Գանգատաբերները նշում են նաև, որ խախտվել է Կոնվենցիայի 17-րդ հոդվածը․ « Սույն կոնվենցիայում ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել այն իմաստով, թե որեւէ պետություն, անձանց խումբ կամ որեւէ անձ իրավունք ունի զբաղվելու որեւէ գործնեությամբ կամ կատարելու որեւէ գործողություններª ուղղված Սույն կոնվենցիայում շարադրված ցանկացած իրավունքների եւ ազատությունների
ոչնչացմանը կամ դրանց սահմանափակմանը ավելի մեծ չափով, քան դա նախատեսված է կոնվենցիայով»:

Դիմումատուները նշել են, որ իրականում պետությունը պաշտպանել է ատելության խոսքի արտահայտումը՝ խոսքի ազատության  իրավունքի պաշտպանության շղարշի տակ։

ՄԻԵԴ-ը այս դիմումի հիման վրա մի քանի հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը՝ կապված Կոնվենցիայի վերոնշյալ երեք հոդվածնեևրի խախտման հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել