«Անելիք» բանկի իրավաբանի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց

«Անելիք բանկ» ՓԲԸ իրավաբանական և խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետ Հովհաննես Աթանյանի սպանության գործով այսօր նշանակված դատական նիստը հետաձգվեց։ Այս գործը քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում՝  դատավոր  Արմեն Ժորայի Բեկթաշյանի նախագահությամբ։

«Անելիք» բանկի իրավաբանի սպանության գործով մեղադրվում է Մկրտիչ Պողոսյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգքրի 104 –րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մկրտիչ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թ-ի նոյեմբերի 24-ին Երևանի Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի մոտ, ծառայողական գործունեության կատարման հետ կապված, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած կոտորակային փամփուշտով լիցքավորված հրազենից մեկ կրակոց է արձակել բանկի իրավաբանական և խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետ Հովհաննես Աթաբյանի աջ թիկունքային շրջանին, որի հետևանքով վերջինս ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Սպանության վերաբերյալ գործի հերթական քննությունը տեղի կունենա մարտի 26-ին ժամը 12։00-ին  կրկին Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում։

Կատարինե Ղարսլյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել