Ո՞վ ունի զենք ձեռք բերելու և կրելու իրավունք

Հայաստանի Հանրապետության տարածքում զենք ձեռք բերելու իրավունք ունեն`

ա) պետական ռազմականացված կազմակերպությունները.

բ) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք.

գ) զենքի արտադրությամբ կամ առևտրով զբաղվող իրավաբանական անձինք (այսուհետ` մատակարար իրավաբանական անձինք).

դ) զենքի հավաքածուներ կազմելով կամ դրանք ցուցադրելով զբաղվող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք.

ե) մարզական և որսորդական տնտեսություն վարող կազմակերպությունները.

զ) ուսումնական հիմնարկները.

է) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.

ը) օտարերկրյա քաղաքացիները:

Այս մասին սահմանում է «Զենքի մասին» ՀՀ օրենքը:

Քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացին՝ նախատեսված լիցենզիա ստանալուց հետո:

Լիցենզիայի հիման վրա քաղաքացին իրավունք ունի ձեռք բերել անփող հրազեն, գազային ատրճանակներ (այդ թվում` թմբուկավոր ռևոլվեր), ազդանշանային զենք

Սպորտային և որսորդական ողորկ-երկարափող հրազեն ու որսորդական օդաճնշիչ զենք ձեռք բերելու իրավունք ունի որսորդների հասարակական կազմակերպության անդամ-քաղաքացին:

Ակոսափող որսորդական հրազեն կարող է ձեռք բերել որսորդության հետ կապված մասնագիտական գործունեությամբ զբաղվող, ռազմականացված կազմակերպության աշխատակից համարվող կամ ոչ պակաս հինգ տարի սեփականության իրավունքով ողորկ-երկարափող որսորդական հրազեն ունեցող և այդ ընթացքում որսորդության, զենքի արտադրության, առևտրի, վաճառքի, ձեռք բերելու, փոխանցելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու, հաշվառելու, պահպանելու, կրելու, փոխադրելու, տեղափոխելու և օգտագործելու կանոնների հետ կապված իրավախախտումներ թույլ չտված քաղաքացին, որին սահմանված կարգով տրված է որսորդությամբ զբաղվելու իրավունք:

Որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք վերապահող մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազենի գրանցման ժամանակ քաղաքացուն, զենքի ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա, ներքին գործերի համապատասխան մարմինը տալիս է այն պահելու, իսկ օդաճնշիչ զենքի, ինչպես նաև սպորտային և որսորդական ողորկ-երկարափող հրազենի գրանցման ժամանակ` այն պահելու և կրելու թույլտվություն` հինգ տարի ժամկետով:

Ակոսափող հրազենը պահելու և կրելու թույլտվությունը նույն ժամկետով տալիս է ներքին գործերի հանրապետական մարմինը:

Ազդանշանային զենք ձեռք բերելու իրավունք ունեցող քաղաքացիների կատեգորիաները, ելնելով այն ձեռք բերելու նպատակից և անհրաժեշտությունից, սահմանում է ներքին գործերի հանրապետական մարմինը:

Զենք ձեռք բերելու լիցենզիա ստանալու համար քաղաքացին պարտավոր է ներքին գործերի համապատասխան մարմին ներկայացնել սահմանված ձևի դիմում, բժշկական եզրակացություն` զենքի տիրապետմանը խոչընդոտող այնպիսի հիվանդությունների բացակայության մասին, որոնք կապված են տեսողության խախտման, հոգեկան հիվանդության, ալկոհոլամոլության կամ թմրամոլության հետ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ և սույն օրենքի 9 հոդվածի չորրորդ մասով նախատեսված այլ փաստաթղթեր:

Ինքնապաշտպանական ողորկ-երկարափող և անփող հրազեն, գազային ատրճանակներ (այդ թվում` թմբուկավոր ռևոլվեր) և ազդանշանային զենք առաջին անգամ ձեռք բերող անձինք, բացի զենք պահելու կամ պահելու և կրելու թույլտվություն ունեցող անձանցից, պարտավոր են բնակության վայրի ներքին գործերի մարմիններում անցնել ստուգում զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների իմացության շուրջ` ներքին գործերի հանրապետական մարմնի սահմանած ծրագրով:

Սպորտային ողորկափող հրազեն և որսորդական զենք առաջին անգամ ձեռք բերող քաղաքացիները, որսորդությամբ զբաղվելու իրավունք վերապահող փաստաթուղթ ստանալիս պարտավոր են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպություններում ներքին գործերի հանրապետական մարմնի հետ համաձայնեցված ծրագրով, ստուգում անցնել զենքի հետ վարվելու կանոնների իմացության շուրջ:

Քաղաքացիական զենք ձեռք բերելու լիցենզիա չի տրվում`

ա) սույն օրենքով սահմանված տարիքի չհասած քաղաքացուն.

բ) զենքի տիրապետմանը խոչնդոտող հիվանդությունների բացակայության մասին բժշկական եզրակացություն չներկայացնողներին.

գ) դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, որոնց դատվածությունն օրենքով սահմանված կարգով չի մարվել.

դ) հանցագործություն կատարելու համար պատիժ կրողներին.

ե) մեկ տարվա ընթացքում կրկնակի հասարակական կամ կառավարման սահմանված կարգի դեմ ուղղված վարչական իրավախախտումներ կատարողներին.

զ) մշտական բնակության վայր չունեցողներին.

է) զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների իմացության շուրջ ստուգում անցնելու փաստը հաստատող, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնողներին:

Զենքի տիրապետմանը խոչնդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Բժշկական ստուգման կարգը սահմանում է առողջապահության հանրապետական մարմինը:

Կառուցվածքով զենքի նմանվող իրերը, ոչ ավելի, քան 3 ջոուլ փողային էներգիայով օդաճնշիչ հրացանները, ատրճանակները (այդ թվում` թմբուկավոր ռևոլվեր), ոչ ավելի, քան 6 մմ տրամաչափի ազդանշանային ատրճանակները (այդ թվում` թմբուկավոր ռևոլվեր) և դրանց փամփուշտները, որոնք մտած են կադաստր` որպես հրազեն և գազային զենք, ձեռք են բերվում առանց լիցենզիայի և գրանցման ենթակա չեն:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել